Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը բացակայում են․ Փաշինյան – armeniatoday.am

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական ռիսկերը բացակայում են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա ասել է Վայոց ձորում հանքավայրի շահագործման մեկնարկի արարողության ժամանակ։

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն»,- ասել է վարչապետը՝ պնդելով, որ քննարկումների արդյունքում բնապահպանական բոլոր հարցերին պատասխաններ են տրվել։

Փաշինյանը նաև կարևորել է, որ արարողությունն անցնում է առանց հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների։ Նրա խոսքով՝ նախագծի անցած ճանապարհը պետք է վերլուծել՝ հետագա ներդրումային ծրագրերի համար գործելակարգեր մշակելու նպատակով։

Ամուլսարում շինարարական աշխատանքները դադարեցվել էին 2018-ին, երբ բնապահպաններն ու հարակից բնակավայրերի բնակիչները փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհները։

Նրանք մտահոգություն էին հայտնում, մասնավորապես, Ջերմուկի ջրային պաշարների և Սևանա լճի վրա ծրագրի հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Հետագայում պետությանն անհատույց փոխանցվել էր «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5%-ը։

Ընկերության պաշտոնական կայքի տվյալներով՝ մնացած 87,5%-ը 2025 թվականից պատկանում է միջազգային հանքարդյունաբերական United ընկերությանը։

Կառավարության հաղորդմամբ՝ Ամուլսարի ծրագրում ներդրվել է շուրջ 750 մլն դոլար, որից 150 մլն դոլարը՝ պետական երաշխիքի հիման վրա։ Նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 210 հազար ունցիա ոսկի։

Հրապարակված հաշվարկներով՝ տարեկան հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն դոլար, իսկ ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը՝ 1,5–2%։ Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի քան 4000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսին ստորագրել էր համայնքների զարգացման համաձայնագիր «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների հետ։

Շինարարության փուլում ընկերությունը համայնքների զարգացմանը տարեկան պետք է ուղղի 7 մլն դոլարին համարժեք գումար, արտադրության փուլում՝ 7 կամ 9 մլն դոլար՝ կախված ոսկու միջին գնից։ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը նախատեսված է 10,5 մլն դոլարի ներդրում։

Փաշինյանը պետական մասնակցությունն ու համայնքներին հատկացումները կապել է ծրագրից քաղաքացիների ստանալիք օգուտների հետ։

«Եկեք ի վերջո արձանագրենք՝ այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի, Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ բյուջեի լրացուցիչ եկամուտները հնարավորություն կտան ավելի շատ միջոցներ ուղղել ճանապարհներին, դպրոցներին, լուսավորությանն ու անվտանգությանը։ Նա նաև ծրագրի արդյունքները կապել է նոր ներդրումներ ներգրավելու հնարավորության հետ։

«Այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար»,- ասել է Փաշինյանը։

2020թ․ ամռանը Ամուլսարի շահագործման շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում, սարի մոտ երկար ժամանակ հերթապահում էին Ամուլսարի պահապանները։ 2023թ․ փետրվարի ՀՀ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ:

2023թ․ մարտին ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ դեմ էին արտահայտվել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ կառավարությունը չի տրամադրել շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննություն, ինչպես նաև հաշվի չի առել 2019 թվականին պետբյուջեի հաշվին ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը։

 

Leave a Comment