Մինչև 5 մլն դրամ աջակցություն’ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների յուրաքանչյուր անդամի. բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Iravaban.net – ը տեղեկանում է ԱԲՆ֊ից։
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որը մեկնարկեց 2024-ի հունիսից, ընթացիկ ակտիվ փուլում է։ Ըստ Աշխատանքի և բարեկեցության նախարարության տվյալների, շաբաթական միջինում 100 նոր սերտիֆիկատ է գեներացվում և այդ գեներացված սերտիֆիկատներից էլի շաբաթական միջինում 100-ը իրացվում է այս մեկ ու կես տարիների ընթացքում, մենք արդեն ունենք 8300 ընտանիք, ովքեր արդեն ստացել են հավաստագիր։
Իսկ նրանցից 4650-ը արդեն իրացրել են հավաստագիրը, այսինքն կամ ձեռք են բերել անշարժ գույք, կամ գտնվում են ներկայում կառուցապատման փուլում, կամ ունեցել են գործող հիպոթեքային վարկ և հավաստագրված գումարը ուղղվել է այդ վարկի մարմանը։
Մեկ անձի հաշվով երեք, չորս կամ հինգ միլիոն դրամ է պետությունը հատկացնում, կախված, թե որ բնակավայրում է ձեռք բերվող գույքը գտնվում։
Երեք միլիոն, եթե հասցեն մայրաքաղաքում է, հինգը սահմանամերձերում, չորսը մարզերում։ Ծրագիրը մի քանի անգամ վերափոխվել է, լավարկվել, հիմք ընդունելով շահառուներից ստացած դիմում-բողոքները, խնդրանք-առաջարկները, ընթացիկ բնականոն աշխատանքին խոչընդոտող որևէ դրույթ չկա։ Եթե անձինք բացառապես հավաստագրով հասանելիք գումարի շրջանակում են նախատեսում գույքը ձեռք բերել՝ ոչ վարկային պատմությունը, ոչ վարկունակությունը, որևէ դեր չեն խաղում այդ գործընթացում, և գործընկեր ֆինանսական կազմակերպությունները առանց որևէ խոչընդոտի տրամադրում են հիպոթեքային վարկերը։
Վիճակագրության համաձայն , իրացված հավաստագրերի գրեթե 60% իրացվել է 100% սուբսիդավորմամբ։ Ծրագիրը սահմանում է առավելագույն շեմ՝ հավաստագրով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել 55 միլիոն դրամը։ Եթե ավելի թանկարժեք բնակարան է դիտարկվում, տարբերությունը ընտանիքն է ավելացնում։ Մի քանի պարտադիր պայմաններ էլ կան ծրագրի շահառու դառնալու համար։ Ընտանիքի բոլոր անդամները պետք է նախ հաշվառված լինեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում, այսինքն ունենան տեղահանվածի կարգավիճակ։ Երկրորդը ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ընտանիքի որևէ անդամը չպետք է ունենա անշարժ գույք Հայաստանի Հանրապետության։