7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ Պանամայում. կան տասնյակ տուժածներ և ավերածություններ

Պանամայում հոկտեմբերի 9-ին 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է առնվազն 27 մարդ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Պիտալոսա-Արիբա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Տարածաշրջանում գրանցվել է ավելի քան հարյուր հետցնցում (աֆտերշոկ)։ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի համար ցունամիի վտանգի նախազգուշացում է հայտարարվել, սակայն ավելի ուշ այն չեղարկվել է։

Ստորգետնյա ցնցումներից շենքեր են փլուզվել, ճանապարհային ենթակառուցվածքներ են վնասվել, հատկապես երկրի կենտրոնական մասում։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն տեղի ունեցածն անվանել է «մեծ աղետ» պետության համար և անձամբ է ժամանել Կոկլե նահանգի Պենոնոմե քաղաք, որպեսզի համակարգի փրկարարական աշխատանքները։

Տարերքի ամենաուժեղ հարվածը բաժին է ընկել մոտ 9 հազար բնակչություն ունեցող Տոնոսի քաղաքին։ Առողջապահության նախարար Ֆեռնանդո Բոյդը հայտնել է, որ բնակավայրը ամբողջովին կտրվել է ցամաքային հաղորդակցությունից, ինչի պատճառով փրկարարական ծառայությունները փորձում են օգնությունը տեղ հասցնել օդային ճանապարհով։

Երկրի մայրաքաղաք Պանամայում շուրջ մեկ րոպե տևած երկրաշարժը խուճապ է առաջացրել, հազարավոր մարդիկ դուրս են վազել փողոցներ։ Սոցիալական ցանցերում տարածվել են ականատեսների տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմեքենաների ընթացքի ժամանակ տատանվում Պանամայի ջրանցքի վրայով անցնող կամուրջը։

Արտակարգ պատահարի պատճառով Պանամայի միջազգային օդանավակայանը, որը Լատինական Ամերիկայի կարևորագույն ավիահանգույցներից է, ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։

Միևնույն ժամանակ, Պանամայի ջրանցքի տնօրինությունը հավաստիացրել է, որ երկրաշարժը չի ազդել նավագնացության վրա, և նավերի շարժը ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղով, որով անցնում է համաշխարհային ծովային բեռնափոխադրումների մոտ 5%-ը, շարունակվում է սովորական ռեժիմով։

Պանամայի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն արդեն հայտնել են Կոլումբիայի, Էկվադորի և Գվատեմալայի կառավարությունները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սատարում են պանամացի ժողովրդին և առաջին իսկ պահանջով օպերատիվորեն կտրամադրեն անհրաժեշտ ռեսուրսներ ու անձնակազմ։

Leave a Comment