Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վերականգնման աշխատանքների ընթացքում 18–րդ դարի հայկական ճարտարապետության հետքեր են հայտնաբերվել։ Խոսքը Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու մասին է։ Խորհրդային «կարմիր տեռորի» տարիներին ոչնչացված տաճարի բեկորները՝ սրբատաշ խաչքարը, Սուրբ Աստվածածնի բարձրաքանդակը և 1788 թվականին արված հայերեն արձանագրությունը մոտ մեկ դար թաքնված են եղել հողի տակ։ Այժմ քննարկում է, թե որտեղ է լինելու դրանց վերջնական հանգրվանը։
Արդեն երկրորդ ամիսն է՝ շինհրապարակի վերածված Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան դարձել է իսկական հնագիտական պեղումների վայր։ Այն գրեթե ամեն օր զարմացնում է հողի տակից հայտնաբերվող գանձերով։ Այս անգամ շինարարները 18-րդ դարի հայկական հուշարձաններ են հայտնաբերել։ Թբիլիսահայ հասարակական գործիչ և վավերագիր Լևոն Չիդիլյանը տեղում ներկայացնում է դրանց ծագումն ու պատմությունը․
«Եվ հիմա, ինչ որ գտնվել է այստեղ, այդ երեք քարերը, մեկի վրա հստակ կարդացվում է Գաբրիել Կամոյանցի անունը։ Այսինքն՝ դա մեզ իրավունք է տալիս պնդելու, որ այս բոլոր երեք քարերն էլ՝ խաչքարը և երկու բարձրաքանդակները, պատկանել են հենց Կամոյանցի հին եկեղեցուն»։
Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցին մինչև 1936 թվականը կանգուն է եղել այժմյան Ռուսթավելի պողոտայի՝ նախկին Դվարցովայա փողոցի տարածքում։ Թբիլիսիի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը1788 թվականին կառուցել (կամ վերակառուցել է) է հոգևորական Գաբրիել Կամոյանցը։ Երկու դար անց՝ 1912-ին, ճարտարապետ Պողոս Զուրաբյանի նախագծով այն վերակառուցվել է սրբատաշ քարերով, սակայն խորհրդային այսպես կոչված կարմիր տեռորի տարիներին տաճարն ամբողջությամբ ոչնչացվել է։
«Ցավոք, 1934-36 թվականներին, ոչնչացնելով մեր եկեղեցիները, կոմունիստական իշխանությունը տապանաքարերը հիմնականում օգտագործում էր որպես շինանյութ։ Եվ շատ մոտ գտնվելու պատճառով հենց Կամոյանց եկեղեցու քարերն օգտագործվել են պառլամենտի շինարարության մեջ։
Ինչպես գիտեք, պառլամենտի տեղում էլ եղել է ուղղափառ եկեղեցի… Նույն տարիներին երկուսն էլ արժանացան նույն ճակատագրին»։

Կամոյանց եկեղեցին միակը չէ, որ արժանացել է այդ ճակատագրին։ 20-րդ դարասկզբին հայկական մշակութային կյանքն եռուն է եղել Թիֆլիսիի այս հատվածում։ Տաճարից մի քանի մետր հեռավորության վրա էլ «Վանք»-ի համալիր է եղել, որը նույնպես ոչնչացվել է։ Այստեղ են գործել նաև Ներսիսյան դպրոցի երկու շենքերը, «Մշակ», «Արձագանք» և «Հովիտ» թերթերի խմբագրությունները։
Եվ պատահական չէ, որ քաղաքի գլխավոր պողոտան շարունակում է զարմացնել իր պատմությամբ։ Օրերս, Ռուսթավելի պողոտայի հնամենի ենթակառուցվածքները փոխելիս բացվեցին նաև Ազարյանցի հայտնի տան լեգենդար ներքնահարկերը։
«Սա մեր հարստությունն է, Թբիլիսի քաղաքի պատմությունն ու մշակույթը, հայ-վրացական դարավոր շփման արդյունքը։ Ցավոք, այդ անաստվածային տարիներին ոչնչացվում էին թե՛ հայկական, թե՛ վրացական սրբավայրերը։ Բայց չկարողացան ժողովրդի մեջ ոչնչացնել անկոտրում հավատն առ Աստված և հարգանքն ու պատիվը ազգային եկեղեցիների հանդեպ։ Այսօր էլ նոր ալիքները չեն կարող հայ և վրաց եկեղեցիների դեմ հաջողություն ունենալ, որովհետև մարդիկ կապված են իրենց եկեղեցու հետ դարերով»։
Հայտնաբերված հուշարձանների հետագա ճակատագիրը դեռ քնարկվում է։ Լևոն Չիդիլյանն ասում է, որ աշխատանքներ են տարվում դրանք տեղադրել Թբիլիսիի գործող եկեղեցիներից մեկի բակում որպես կորսված սրբավայրի սուրբ մասունք։