Ամուլսարի ծրագիրը տարեկան շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա. Էկոնոմիկայի նախարար

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի պաշտոնական արարողությանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ծրագրից ակնկալվող տնտեսական ցուցանիշները:

Կառավարության հաշվարկներով՝ հանքավայրի շահագործումից պետական բյուջե վճարվելիք տարեկան հարկերը, տուրքերը և ռոյալթին կկազմեն 130 միլիոն դոլար։ Ծրագիրը նաև տարեկան շուրջ 1,5 տոկոս դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա։ Նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 750 միլիոն դոլար, իսկ շահագործման փուլում նախատեսվում է տարեկան ավելի քան 210 հազար ունցիա ոսկու արտադրություն։

«Մեր հաշվարկներով՝ միայն 130 միլիոն դոլար պետական բյուջե վճարում է լինելու։ Եվ գումարած՝ իհարկե, 12,5 տոկոս Կառավարությունը սեփականատեր է այս պրոյեկտի մեջ, այսինքն՝ մենք մասնաբաժին ունենք։ Սա նույնպես կարևոր է»,– հայտարարել է Պապոյանը։

Գևորգ Պապոյանի գնահատմամբ՝ ծրագիրը Հայաստան է բերել բիզնեսի վարման նոր մշակույթ և զարգացման հնարավորություններ ստեղծել տնտեսության այլ ճյուղերի համար։

Խոսելով տեղական բնակավայրերին ցուցաբերվող աջակցության մասին՝ նախարարը նշել է Էկոնոմիկայի նախարարությունում կնքված հուշագիրը, որի համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստանձնել է համայնքների զարգացմանն աջակցելու պարտավորություն։

«Վստահ եմ, որ սրա արդյունքում ոչ միայն հազարավոր ուղղակի և անուղղակի աշխատատեղեր են ստեղծվելու, այլ նաև ստեղծվելու է մի տնտեսական շարժիչ, որը նոր ճանապարհ է բացելու Վայքի, Ջերմուկի և Սիսիանի համար»,– ասել է Պապոյանը։

Leave a Comment