Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագրով նախատեսվում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում անցկացնել կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային երեք կարևոր հանդիպում։ Iravaban.net-ը ուսումնասիրել է ՍԴ համապատասխան որոշումը։
Համաձայնագիրը վերաբերում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը, Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպմանը՝ որպես կողմերի համաժողովի 20-րդ հանդիպում, և Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպմանը՝ որպես կողմերի համաժողովի 6-րդ հանդիպում։
Կառավարությունը 2026 թվականի հոկտեմբերի 2-ի N 1421-Ա որոշմամբ հավանություն է տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը և դիմել Սահմանադրական դատարան՝ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու նպատակով։
Սահմանադրական դատարանը գործն ընդունել է քննության հոկտեմբերի 6-ին և այն քննել գրավոր ընթացակարգով։
Ի՞նչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը
Համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է ապահովել միջազգային հանդիպումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, տարածքները, սարքավորումներն ու ծառայությունները։ Պետությունը պետք է կազմակերպի նաև մասնակիցների կեցությունը, տրանսպորտային սպասարկումը, բժշկական օգնությունը և անվտանգությունը։
Մասնավորապես, նախատեսվում է հանդիպումների վայրում ապահովել բուժկետ, բժիշկ, բուժքույր և երկու շտապօգնության մեքենա։ Հայաստանը պարտավորվել է նաև անհրաժեշտության դեպքում դյուրացնել մասնակիցների մուտքն ու ելքը երկրից, ինչպես նաև արագացնել հանդիպումների համար նախատեսված նյութերի և սարքավորումների մաքսային ձևակերպումները։
Համաձայնագրով սահմանված է նաև, որ հանդիպումների մասնակիցներն ու դրանց հետ կապված գործառույթներ իրականացնող անձինք պետք է հնարավորություն ունենան օգտվելու արտահայտվելու ազատության իրավունքից՝ առանց միջամտության։ Միաժամանակ, հանդիպումների տարածքների անվտանգությունը պետք է ապահովվի Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի անվտանգության ծառայության համագործակցությամբ՝ համաձայնագրով նախատեսված կարգով։
Հայաստանը պարտավորվել է նաև հնարավորինս նվազեցնել հանդիպումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա, ինչպես նաև ուշադրություն դարձնել ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ու փոխհատուցմանը։
Որքա՞ն կարժենա համաժողովի անցկացումը
Համաձայնագրի համաձայն՝ Երևանում հանդիպումներն անցկացնելու հետևանքով առաջացող լրացուցիչ ծախսերի նախնական գնահատականը կազմում է մոտ 2 մլն 166 հազար 855 ԱՄՆ դոլար։ Այդ գումարը ներառում է, ի թիվս այլնի, Քարտուղարության և ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց ուղևորությունների, անձնակազմի աշխատանքի հետ կապված լրացուցիչ ծախսերը և սարքավորումների տեղափոխման ծախսերը։
Նշված գումարը համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ծախսերի նախնական գնահատականն է։ Այն չի ներկայացվում որպես միջոցառման կազմակերպման բոլոր հնարավոր ծախսերի վերջնական հաշվարկ։
Ի՞նչ է որոշել Սահմանադրական դատարանը
Սահմանադրական դատարանը գտել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության սկզբունքներին, 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակներին, ինչպես նաև 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու արտաքին քաղաքականության նպատակներին։
Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված հետագա ընթացակարգերի իրականացումը։ Սահմանադրական դատարանի որոշումն ինքնին դեռևս չի նշանակում, որ համաձայնագիրը վավերացվել է Ազգային ժողովի կողմից։