Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտի արժեքը կկազմի 5 950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28 650 դրամ։ Արդյո՞ք սահմանված գները բարձր են, և ի՞նչ առավելություններ են քաղաքացիները ստանալու նոր համակարգի ներդրմամբ։
ՆԳՆ ներկայացված պարզաբանման համաձայն՝ նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը պետք է գնահատել ոչ միայն նախկին փաստաթղթերի պետական տուրքի, այլև դրանց տեխնիկական հնարավորությունների, անվտանգության և նոր համակարգի ընձեռած ծառայությունների համատեքստում։
Նոր համակարգը նպատակ ունի ապահովել անձի առավել ճշգրիտ նույնականացում, իրավական ինքնության և անձնական տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն, ինչպես նաև քաղաքացիների համար հասանելի դարձնել թվային հանրային ծառայությունները։ Ակնկալվում է նաև, որ համակարգը կնվազեցնի տարբեր պետական գերատեսչությունների միջև տվյալների փոխանցման անհրաժեշտությունը, իսկ քաղաքացիների սպասարկումը կկազմակերպվի ժամանակակից գրասենյակներում՝ արժանապատիվ պայմաններում։
Նոր փաստաթղթերի արժեքը համեմատելի չէ հին նմուշի անձնագրի համար սահմանված 1 000 դրամ պետական տուրքի հետ, քանի որ խոսքը տարբեր տեխնիկական հնարավորություններ և անվտանգության մակարդակ ունեցող փաստաթղթերի մասին է։ Համեմատության համար՝ նախկին կենսաչափական անձնագրի արժեքը 25 000 դրամ էր։ Ներկայացված պարզաբանման համաձայն՝ այդ փաստաթղթերի կրիչները միջազգային փոխճանաչելիության խնդիրներ ունեին, իսկ պաշտպանության մակարդակը զիջում էր նոր համակարգով նախատեսված չափանիշներին։
Նոր կենսաչափական փաստաթղթերի ենթակառուցվածքը նախատեսվում է սերտիֆիկացնել եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան։ Ըստ ներկայացված պարզաբանման՝ նոր փաստաթղթերը պետք է համապատասխանեն անվտանգության և որակի այնպիսի պահանջների, որոնք թույլ կտան դրանք համեմատել միջազգային լավագույն օրինակների հետ։
Անդրադառնալով պետական տուրքերի չափին՝ պարզաբանման հեղինակը նշել է, որ 5 950 և 28 650 դրամ գումարները կլորացված 6 000 և 30 000 դրամի փոխարեն սահմանվել են մրցույթում հաղթած առաջարկի հիման վրա։ Այսինքն՝ ներկայացված տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերության առաջարկած արժեքին պետության կողմից հավելյալ գումար չի ավելացվել։
Կարևոր է նաև փաստաթղթերի կիրառման նպատակը։ Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ կենսաչափական անձնագիրը նախատեսված է լինելու բացառապես ճամփորդելու նպատակով։ Հետևաբար, եթե քաղաքացին արտերկիր մեկնելու կամ սահմանահատման անհրաժեշտություն չունի, նոր նմուշի կենսաչափական անձնագիր ձեռք բերելու կարիք չի ունենա։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։