Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում մոտ ապագայում էական բարելավում չի սպասվում․ Ելենա Զինովևա

Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Ելենա Զինովևան Alpha News-ին մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները և Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերություններում ստեղծված իրավիճակը։

Մեկնաբանությունը նա տվել է Համալիր եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (ՑԿԵՄԻ) 20-ամյակին նվիրված «Ռուսաստանը և նոր բազմաբևեռ աշխարհակարգը․ գաղափարից դեպի իրականություն» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։

Խոսելով ռուս-եվրոպական հարաբերությունների մասին՝ փորձագետը նշել է, որ դրանց բարելավման էական հեռանկարներ առայժմ չեն երևում։ Այդուհանդերձ, Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների ազդեցության աճը կարող է հանգեցնել արտաքին քաղաքական կուրսի որոշակի փոփոխությունների։

«Մի կողմից՝ բանակցային գործընթաց է ընթանում, և այս առումով հռետորաբանության զգալի մասը այդ բանակցային գործընթացի հանրային կապերի ապահովման ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Ինչ վերաբերում է ռուս-եվրոպական հարաբերություններին, ապա այստեղ կարծես թե բարելավման էական հեռանկարներ չեն նշմարվում։ Սակայն, մյուս կողմից, աջակողմյան կուսակցությունների ազդեցության աճը հիմքեր է տալիս հուսալու, որ Եվրոպայի արտաքին քաղաքական կուրսը որոշակիորեն կփոխվի։

Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին, ապա ընդհանուր առմամբ, Թրամփի օրոք որոշակի ջերմացում է տեղի ունեցել։ Սակայն ազգային շահերի ոլորտում էական տարաձայնությունները, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, հիմք չեն տալիս ակնկալելու, որ մոտ ապագայում էական և նկատելի շրջադարձ կլինի ո՛չ ռուս-ամերիկյան, ո՛չ էլ ռուս-եվրոպական հարաբերություններում»,- ասել է Զինովևան։

Leave a Comment