Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում Տիգրան Խաչատրյանը կհանդիպի արցախցիների հետ․ ԶԼՄ

Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Կառավարության ներկայացուցիչները հանդիպում կունենան արցախցիների հետ, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեեկությունը թերթին հաստատել է Ազգային ժողովի դիմաց օրերս նստացույց իրականացնող արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը։ Նա հայտնել է, որ նստացույցը դադարեցրել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից հետո, երբ տեղեկացվել է պաշտոնական ընդունելության մասին։

«Մնացած ամեն ինչ դեռ գործընթացի մեջ է։ Ես ամենօրյա ռեժիմով շփվում եմ արցախահայության հետ։ Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում, որոնք բոլորը բարձրաձայնվելու են հոկտեմբերի 13-ին՝ ԱԺ-ում կայանալիք հանդիպման ընթացքում»,- նշել է Իսրայելյանը։

Հասարակական գործչի փոխանցմամբ՝ ներկայումս ձևավորվում է մասնակիցների խումբ, որի անվանացանկը կներկայացվի Ազգային ժողով։ Իսրայելյանը հավելել է, որ նստացույցի ընթացքում պատգամավորներին ու պաշտոնյաներին կոչ է արել հստակ դիրքորոշում և լուծումներ ներկայացնել, ինչից հետո էլ կայացվել է հանդիպման որոշումը։

Իսրայելյանը նախկինում հայտարարել էր, որ ամեն օր հարցումներ է ստանում ֆինանսական և բնակարանային խնդիրներ ունեցող մարդկանցից։ Նա նաև կոչ էր արել վերանայել ներկայիս աջակցության ծրագրերը՝ դրանք հասանելի դարձնելու ավելի շատ տեղահանված անձանց համար։

Leave a Comment