Երևանը՝ վերելքի շարժիչ, խաղաղությունը՝ առանց զիջումների․ «Ուժեղ Հայաստան»

Երևանի և Հայաստանի համար հնարավոր է խաղաղություն հաստատել առանց զիջումների, իսկ մայրաքաղաքը պետք է դառնա պետության վերելքի և ապագա հաղթանակների շարժիչ ուժն ու կենտրոնը, ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի 2808-ամյակի առթիվ տարածած հայտարարությունում։

«Երևանը սիրո քաղաք է։ Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր սիրելի Երևանի և Հայաստանի համար հնարավոր է խաղաղություն հաստատել առանց զիջումների»,- ասվում է հայտարարությունում։ Առանց զիջումների խաղաղությունը կուսակցությունն անվանել է իր քաղաքական դիրքորոշումն ու ռազմավարական նպատակը։

Կուսակցությունը Երևանն անվանել է յուրաքանչյուր հայի տուն, համայն հայության մայրաքաղաք, աշխարհասփյուռ հայերի ազգային իղձերի, պատմական հիշողության և քաղաքական կամքի կենտրոն։ Հայտարարության համաձայն՝ Երևանը երկրի սիրտն է, պատմության, մշակույթի և պետականության կենդանի վկայությունը, որի պատմական դիմագիծը պետք է պահպանել։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ամեն օր աշխատում է հանուն «Ուժեղ Երևանի»՝ ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի, որտեղ մարդիկ ապրում են ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ պայմաններում։

«Երևանը պետք է դառնա մեր պետության վերելքի, ինքնավստահության և ապագա հաղթանակների շարժիչ ուժն ու կենտրոնը»,- ասվում է հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը կներկայացնի մոտ երկու շաբաթից։

Leave a Comment