Սնանկացած վարկառուի պարտքերից ազատվելը չի ազատում երաշխավորին․ ՍԴ-ն պաշտպանել է բանկի պահանջի իրավունքը

Iravaban.net-ը ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելուց և նրան դրամական պարտավորությունների կատարումից ազատելուց հետո երաշխավորի պարտավորությունը չի դադարում։ Այսինքն՝ եթե վարկառուն սնանկության վարույթի ավարտից հետո ազատվում է պարտքի վճարման պարտականությունից, բանկը շարունակում է այդ գումարը պահանջելու իրավունք ունենալ երաշխավորից։

ՍԴ-ն «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ պարտավորությունների կատարումից ազատվելը նույնը չէ, ինչ պարտավորության դադարումը։ Հակառակ մեկնաբանությունը կարող է խախտել պարտատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը։

Ինչի՞ շուրջ էր վեճը

«ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ն դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ։ Բանկը խնդրել էր այն հակասահմանադրական ճանաչել այն մասով, որով ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելուց հետո պարտավորությունների կատարումից ազատվելը մեկնաբանվում էր որպես հիմնական պարտավորության և դրանից բխող երաշխավորության պարտավորության դադարեցում։

Վեճի հիմքում երկու տարբեր իրավական հարցերի տարբերակումն էր՝ արդյո՞ք պարտապանին պարտքը վճարելու պարտականությունից ազատելը նշանակում է, որ պարտավորությունն այլևս գոյություն չունի, և արդյո՞ք այդ հանգամանքը կարող է ազատել նաև երաշխավորին։

Բանկի դիրքորոշմամբ՝ սնանկության գործի ավարտը պարտավորության դադարման՝ օրենքով նախատեսված ինքնուրույն հիմք չէ։ Հետևաբար, եթե երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չի դադարել օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքերից որևէ մեկով, ապա պարտատերը պետք է պահպանի երաշխավորից գումարը պահանջելու իրավունքը։

2019 թվականի հունիսի 20-ին «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», որի իրավահաջորդն է «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ն, Սարգիս Ամիրաղյանի հետ կնքել էր 3 մլն դրամի սպառողական վարկի պայմանագիր՝ տարեկան 21.15 տոկոս փաստացի տոկոսադրույքով։ Նույն օրը Արսեն Գիշյանը երաշխավորություն էր ստանձնել՝ ապահովելով վարկառուի պարտավորությունների կատարումը։

Նույն տարվա նոյեմբերի 6-ին բանկը վարկառուին տրամադրել էր ևս 750 հազար դրամ վարկ՝ տարեկան 22.75 տոկոս փաստացի տոկոսադրույքով, իսկ Արսեն Գիշյանը կրկին հանդես էր եկել որպես երաշխավոր։

Վարկերի չմարման հետևանքով բանկը դիմել էր դատարան։ 2020 թվականի դեկտեմբերի 16-ի և 2022 թվականի հունիսի 28-ի դատական ակտերով վարկառուից և երաշխավորներից հօգուտ բանկի բռնագանձման ենթակա գումարներ էին սահմանվել։ Դատական ակտերն օրինական ուժի մեջ էին մտել, և դրանց հիման վրա տրվել էին կատարողական թերթեր։

2022 թվականի հոկտեմբերի 18-ին Սարգիս Ամիրաղյանը ճանաչվել էր սնանկ։ Սնանկության դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի վճռով սնանկության գործն ավարտվել էր՝ նրան ազատելով պարտավորությունների կատարումից՝ բացառությամբ օրենքով նախատեսված պարտավորությունների։

Սնանկության գործի շրջանակում բանկի 5,051,439 դրամի պահանջն ընդգրկվել էր պարտատերերի վերջնական ցուցակում՝ որպես չապահովված պահանջ։

Սնանկության գործի ավարտից հետո Արսեն Գիշյանը դիմել էր դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել բանկի նկատմամբ իր պարտավորությունները՝ երկու երաշխավորության պայմանագրերի հիմքով։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին մերժել էր հայցը։ Դատարանը գտել էր, որ վարկառուի սնանկությունը չի խոչընդոտում բանկին՝ պահանջ ներկայացնելու երաշխավորի նկատմամբ։ Բացի այդ, երաշխավորի պարտավորությունները կապված էին նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված և չկատարված պահանջների հետ։

Սակայն Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հուլիսի 4-ին բավարարել էր Արսեն Գիշյանի բողոքը, բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և դադարած ճանաչել երաշխավորության պայմանագրերից բխող պարտավորությունները։

Վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ՝ եթե հիմնական պարտավորությունը դադարել է, ապա դրա հետ դադարում է նաև երաշխավորությունը՝ որպես ածանցյալ պարտավորություն։ Դատարանը նշել էր, որ բռնագանձման մասին դատական ակտերի առկայությունը չի փոխում պարտավորության բնույթը և երաշխավորության պարտավորությունը չի դարձնում հիմնական պարտավորություն։

Բանկը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2025 թվականի հոկտեմբերի 30-ին մերժել էր այն վարույթ ընդունելը։ Պալատի դատավորներից մեկը ներկայացրել էր հատուկ կարծիք՝ նշելով, որ պարտավորության կատարումից ազատումը և պարտավորության դադարումը տարբեր իրավական հետևանքներ ունեն, և սնանկության գործի ավարտը չպետք է ինքնաբերաբար ազատի երաշխավորին։

Ի՞նչ էին պնդում կողմերը Սահմանադրական դատարանում

Բանկի դիրքորոշումը։ Բանկը պնդում էր, որ «Սնանկության մասին» օրենքը չի սահմանում, թե սնանկության գործն ավարտելու հետևանքով պարտավորությունն ինքնին դադարում է։ Նման հիմք նախատեսված չէ նաև Քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերի շարքում։

Բանկի գնահատմամբ՝ պարտապանին պարտավորության կատարումից ազատելը նշանակում է, որ պարտատերը չի կարող այդ պարտավորության կատարումը հարկադրաբար պահանջել հենց այդ անձից։ Սակայն դա չի վերացնում պարտավորությունը և չի վերացնում երաշխավորից պահանջ ներկայացնելու իրավունքը։

Բանկը նաև ընդգծում էր, որ երաշխավորը ստանձնում է ինքնուրույն պարտավորություն, և նրա իրավական կարգավիճակը չի կարող նույնացվել սնանկ ճանաչված հիմնական պարտապանի կարգավիճակի հետ։ Հակառակ մեկնաբանության դեպքում բանկը կզրկվեր իր օրինական ակնկալիքից՝ ստանալու պարտքի մարումը երաշխավորից։

Պատասխանողի դիրքորոշումը։ Պատասխանողը հակառակն էր պնդում։ Նրա կարծիքով՝ եթե սնանկության գործն ավարտելուց հետո պարտատերն այլևս չի կարող պարտքի կատարումը պահանջել հիմնական պարտապանից, ապա հիմնական պարտավորությունը կորցնում է իր բովանդակությունը։ Իսկ քանի որ երաշխավորությունը լրացուցիչ՝ ածանցյալ պարտավորություն է, այն չի կարող պահպանվել հիմնական պարտավորության դադարելու պայմաններում։

Պատասխանողը նաև նշում էր, որ ֆիզիկական անձին պարտավորությունների կատարումից ազատելու նպատակը նրա տնտեսական վերականգնումն է և սնանկության հետևանքների հաղթահարումը։ Այդ մեխանիզմը, ըստ նրա, պետք է հանգեցնի պարտապանի պարտավորությունների վերջնական լուծմանը, ոչ թե միայն ժամանակավորապես անհնար դարձնի դրանց հարկադիր կատարումը։

Ի՞նչ որոշեց Սահմանադրական դատարանը

Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ պարտավորության կատարումից ազատումը և պարտավորության դադարումը նույնական իրավական հասկացություններ չեն։

Դատարանը հիշեցրել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության շրջանակում պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, օրինակ՝ վճարել դրամ, իսկ պարտատերն իրավունք ունի պահանջել այդ պարտականության կատարումը։ Օրենսգրքի 423-րդ հոդվածն էլ նախատեսում է, որ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով։

ՍԴ-ի գնահատմամբ՝ սնանկության գործն ավարտելու և ֆիզիկական անձին պարտավորությունների կատարումից ազատելու հանգամանքն ինքնին պարտավորության դադարման այդպիսի հիմք չէ։

Դատարանը հատուկ ընդգծել է, որ պարտավորության կատարումից ազատվելը անձնական պաշտպանական մեխանիզմ է, որը վերաբերում է սնանկ ճանաչված ֆիզիկական անձին։ Այն չի վերացնում երաշխավորությամբ ապահովված պահանջը և չի հանգեցնում երաշխավորի՝ պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության դադարմանը։

Քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածով երաշխավորը պարտավորվում է պատասխանատվություն կրել այլ անձի պարտավորության լրիվ կամ մասնակի կատարման համար։ Իսկ 382-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է, մասնավորապես, դրանով ապահովված պարտավորության դադարման դեպքում։

ՍԴ-ն բացատրել է, որ երաշխավորության՝ որպես լրացուցիչ պարտավորության, դադարեցումը հնարավոր է այն դեպքում, երբ հիմնական պարտավորությունն իրավական հիմքով իսկապես դադարել է գոյություն ունենալուց։ Սակայն սնանկության գործի ավարտով պարտապանին պարտավորությունների կատարումից ազատելը նույնը չէ։

Դատարանի գնահատմամբ՝ երաշխավորության նպատակը հենց պարտատիրոջ շահերի պաշտպանությունն է այն դեպքերում, երբ հիմնական պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, այդ թվում՝ անվճարունակության պատճառով։

Այսպիսով, սնանկության վարույթի ավարտը կարող է ազատել հիմնական պարտապանին պարտքը վճարելու պարտականությունից, բայց չի վերացնում պարտատիրոջ՝ երաշխավորից պահանջ ներկայացնելու իրավունքը։

Սեփականության իրավունքի ի՞նչ խախտում կարող էր առաջանալ

Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքին և դրա բաղադրիչը կազմող՝ գույք ձեռք բերելու օրինական ակնկալիքին։

Դատարանի դիրքորոշմամբ՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը վերաբերում է ոչ միայն արդեն գոյություն ունեցող գույքին, այլև օրենքով հիմնավորված այն ակնկալիքին, որ անձը կարող է ձեռք բերել որոշակի գույքային իրավունք։

Երբ պարտավորությունն ապահովված է երաշխավորությամբ, պարտատերն օրինական ակնկալիք ունի, որ հիմնական պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում կարող է պահանջել դրա կատարումը երաշխավորից։

Եթե սնանկության գործի ավարտը մեկնաբանվեր որպես երաշխավորության պարտավորության ինքնաբերական դադարման հիմք, ապա պարտատերը կզրկվեր այդ ակնկալիքի իրացման հնարավորությունից։ ՍԴ-ի գնահատմամբ՝ նման մեկնաբանությունը կարող էր խախտել պարտատիրոջ սեփականության իրավունքը և խաթարել պարտավորությունների կատարման ապահովման՝ երաշխավորության ինստիտուտի էությունը։

Դատարանը միաժամանակ նշել է, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հավասարակշռել պարտապանի և պարտատերերի շահերը։ Հետևաբար, հիմնական պարտապանին օրենքով նախատեսված պաշտպանություն տրամադրելը չպետք է ինքնաբերաբար վերացնի երաշխավորի ստանձնած պարտավորությունը և զրկի պարտատիրոջը պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանությունից։

Կարո՞ղ է երաշխավորը վճարած գումարը հետ պահանջել սնանկացած անձից

ՍԴ-ն անդրադարձել է նաև երաշխավորի կողմից պարտավորությունը կատարելու հնարավոր հետևանքին։

Դատարանի դիրքորոշմամբ՝ եթե երաշխավորը վճարում է պարտքը, նա չի կարող հետադարձ պահանջ ներկայացնել այն հիմնական պարտապանի նկատմամբ, որն արդեն ազատվել է պարտքերից սնանկության վարույթի շրջանակում։ Պատճառն այն է, որ երաշխավորը ստանձնել է հիմնական պարտապանի անվճարունակության և դրանից բխող գույքային կորուստների ռիսկը։

Այսպիսով, երաշխավորի պարտավորության պահպանումը չի նշանակում, որ սնանկ ճանաչված անձի նկատմամբ վերականգնվում է պարտքի հարկադիր կատարման հնարավորությունը։ Խոսքը պարտատիրոջ՝ երաշխավորի նկատմամբ պահանջի իրավունքի պահպանման մասին է։

ՍԴ-ի վերջնական որոշումը

Սահմանադրական դատարանը որոշել է՝

  • «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որ ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելուց և նրան պարտավորությունների կատարումից ազատելուց հետո պարտավորությունը չի համարվում դադարած, և երաշխավորը չի ազատվում պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարումից։
  • Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով և օրենքով սահմանված կարգով։

Leave a Comment