Գերմանիայում գնացքի հարբած մեքենավարը կաթվածահար է արել երկաթուղու մի հատվածի աշխատանքը

Գերմանիայի ոստիկանությունը բեռնատար գնացքի կառավարման կետից հեռացրել է 31-ամյա հոլանդացի գնացքի մեքենավարին, քանի որ նա, ենթադրաբար, ալկոհոլի ազդեցության տակ քնած է եղել խցիկում՝ կաթվածահար անելով Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկաթուղու մի հատված, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Դեպքը տեղի է ունեցել Համմ և Ահլեն քաղաքների միջև ընկած երկաթուղում։ Հանդիպակաց գնացքի մեքենավարը նկատել է, որ իր գործընկերը, ըստ երևույթին, քնած է եղել կառավարման կետի մոտ և տեղեկացրել է ոստիկանությանը։

«Մեքենավարը հրաժարվել է արյան մեջ ալկոհոլի կամավոր թեստ հանձնել։ Կային հստակ նշաններ, որ տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել», — թերթին ասել է ոստիկանության խոսնակը։

Ըստ թերթի՝ երկաթուղու այդ հատվածը ժամանակավորապես փակվել է միջադեպի պատճառով։ Արդյունքում, 26 գնացք ուշացել է ընդհանուր առմամբ գրեթե 19 ժամով։

Leave a Comment