DPA․ ՆԱՏՕ-ն Avenger Triad զորավարժություններ է անցկացնում՝ արևելյան սահմանները պաշտպանելու նպատակով

ՆԱՏՕ-ի շուրջ 4 հազար շտաբային մասնագետ ներգրավված է «Avenger Triad» լայնածավալ զորավարժություններին, որոնց ընթացքում մոդելավորվում են մինչև 20 հազար զինծառայողից բաղկացած զորախմբի գործողությունները։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, զորավարժությունների նպատակն է մշակել հնարավոր ճգնաժամին օպերատիվ արձագանքման մեխանիզմները՝ Նորվեգիայի Նորդկապ հրվանդանից մինչև Սև ծով ընկած տարածաշրջանում։

Գործակալության տվյալներով՝ սիմուլյացիոն զորավարժությունների կառավարման առանցքային կենտրոններից մեկը տեղակայված է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ ԱՄՆ Եվրոպայում և Աֆրիկայում ցամաքային զորքերի շտաբի բազայում։ Այստեղ գաղտնի պայմաններում փորձարկվում են արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ զորքերի համակարգման նորագույն տեխնոլոգիաները։

Բրիգադի գեներալ Թոմաս Լովին նշել է, որ ստացված տվյալների հիման վրա ռազմական ղեկավարությունն առանձնացնում է որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկությունները։ Առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինված ուժերի միջև տեխնիկական ու կադրային սերտ համագործակցությունը։

Վիսբադենում տեղակայված հրամանատարական կենտրոնն աշխատում է շուրջօրյա։ Այնտեղ ներգրավված է ՆԱՏՕ-ի մինչև 150 զինծառայող։ Կենտրոնական էկրանին ցուցադրվում է Եվրոպայի օպերատիվ քարտեզը, որի մանրամասները մամուլի այցի ընթացքում ժամանակավորապես թաքցվել են՝ անվտանգության նկատառումներով։ Զորավարժությունների հիմնական շեշտը դրված է ԱՄՆ-ի և դաշինքի մյուս երկրների կապի ու կառավարման համակարգերի լիարժեք տեխնիկական համատեղելիության ապահովման վրա։

Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի միացյալ հրամանատարությունից գործուղված գերմանացի ռազմական մասնագետների գնահատմամբ՝ սարքավորումների ինտեգրման ներկայիս մակարդակն աննախադեպ է և ընդգրկուն։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Գերմանիայի զորակազմերի միջև լեզվական խոչընդոտներ չկան։ Միևնույն ժամանակ, շտաբային աշխատանքներում տեխնոլոգիաների կիրառման առումով ամերիկյան կողմը զգալիորեն առաջ է անցել դաշնակիցներից։

Լովիի խոսքով՝ արհեստական բանականությունն օգտագործվում է բացառապես որպես գործիք, իսկ վերջնական որոշման և հրամաններ արձակելու իրավասությունը միշտ մնում է մարդու ձեռքում։

Կազմակերպիչների հայտարարությամբ՝ զորավարժությունների նպատակն է ստուգել և ցուցադրել ՆԱՏՕ-ի մարտունակությունը։ Թեև մամուլի պաշտոնական ճեպազրույցների ընթացքում դաշինքի հրամանատարության ներկայացուցիչները խուսափել են Ռուսաստանին ուղղակիորեն հիշատակելուց, DPA-ի գնահատմամբ՝ զորավարժությունների ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստն ակնհայտ էր բոլոր մասնակիցների համար։

Leave a Comment