Նիդեռլանդները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները համարում են էսկալացիայի նոր փուլ, սակայն հույս ունեն, որ դրանց ուժի մեջ մտնելու վեցամսյա հետաձգումը հնարավորություն կտա բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
«Միջազգային քրեական դատարանի դեմ հայտարարված պատժամիջոցները անցանկալի և էսկալացիայի նոր փուլ են։ Ես խորապես ափսոսում եմ այս նոր քայլի համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք դատարանին», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Միևնույն ժամանակ Բերենդսենն ընդգծել է, որ սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ չեն մտնի, ինչը թույլ կտա ծառայություններ մատուցողներին առայժմ շարունակել համագործակցությունը ՄՔԴ-ի հետ։
«Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուն մնացած վեց ամիսը նաև երկխոսության հնարավորություն է ընձեռում։ Ես ողջունում եմ այդ հնարավորությունը և մտադիր եմ այն լրջորեն քննարկել դատարանի մյուս անդամ պետությունների հետ», — նշել է նախարարը։
Իր հերթին ՄՔԴ-ի մամուլի ծառայությունը դատարանում հավատարմագրված լրագրողներին հայտնել է, որ վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները և դրանք աննախադեպ քայլ է համարում։ Դատարանի գնահատմամբ՝ պատժամիջոցները նպատակ ունեն «խաթարել դատարանի աշխատանքը և ահաբեկել նրանց, ովքեր աշխատում կամ համագործակցում են դրա հետ»։
Միևնույն ժամանակ դատարանն ընդգծել է, որ մտադիր է լիարժեքորեն շարունակել իր աշխատանքը՝ չնայած սահմանափակումներին։
ՄՔԴ-ն նաև կոչ է արել Հռոմի կանոնադրության անդամ պետություններին շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ դատարանին ապահովել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Հաագայում տեղակայված դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Նշվել էր, որ դատարանն ընդգրկվել է պատժամիջոցների ցանկում՝ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրի հիման վրա։
Այդ ժամանակ Վաշինգտոնը ՄՔԴ-ին մեղադրել էր ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ անօրինական գործողություններ իրականացնելու մեջ։ Հրամանագիրը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ կիրառել ՄՔԴ այն աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, որոնք առնչություն ունեն ԱՄՆ քաղաքացիների կամ դաշնակիցների դեմ իրականացվող հետաքննություններին։
Միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է մի շարք լիցենզիաներ, որոնց համաձայն՝ ՄՔԴ-ի հետ կապված որոշ գործառնություններ ժամանակավորապես ազատվում են սահմանափակումներից։