
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային ժամանակակից համակարգը լեգիտիմության և վստահության խոր ճգնաժամ է ապրում։
«Միջազգային իրավունքը գործնականում կասեցված է։ Միջազգային համաձայնագրերը, կարելի է ասել, կորցրել են իրենց ուժը։ Միջազգային դատարանների որոշումները նույնպես պատշաճ կերպով չեն կատարվում»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային գագաթնաժողովում։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ կանոնների և սկզբունքների վրա հիմնված միջազգային համակարգի գլխավոր խնդիրը գլոբալ խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Սակայն այդ նպատակին հնարավոր չէ հասնել առանց արդարության։
Նա ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի կառուցվածքի վրա՝ նշելով, որ ավելի քան 190 պետությունների դիրքորոշումն իրականում կախված է Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամների որոշումներից։