Մեծ հաջողություն է պետք, որպեսզի ողջ մնամ մինչև վերջնական դատավճիռը․ Մոուրինյուի հումորը՝ «Մանչեսթեր Սիթիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սուր հումորով է անդրադարձել «Մանչեսթեր Սիթիի» կողմից Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու աղմկահարույց գործընթացին:

«Ես կնախընտրեի պարզապես ծիծաղել այս ամենի վրա։ Կարծում եմ՝ մենք ինչ-որ հանգուցալուծման կհասնենք, բայց քանի որ ես արդեն 60-ն անց եմ, մեծ հաջողություն է պետք, որպեսզի ողջ մնամ մինչև վերջնական դատավճիռը։ Նախ կկայացվի որոշումը, հետո կսկսվի բողոքարկման գործընթացը… Այդ ժամանակ ես արդեն 80 տարեկան կլինեմ»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել 2009-ից 2018 թվականների ընթացքում ֆինանսական կանոնների լուրջ խախտումների մեջ: Մեղադրանքները վերաբերում են ֆինանսական ոչ հավաստի տեղեկատվության տրամադրմանը, ֆուտբոլիստներին ու մարզիչներին կատարված վճարումների քողարկմանը, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության պահանջների չպահպանմանը:

Ակումբին սպառնում են ամենախիստ պատժամիջոցները՝ միավորների զրկումից ու նախկին տիտղոսների չեղարկումից մինչև Պրեմիեր լիգայից հեռացում:

Ի դեպ, եթե «Մանչեսթեր Սիթիին» ետին թվով զրկեն չեմպիոնական տիտղոսներից, ապա Ժոզե Մոուրինյուն կարող է իր մարզչական ակտիվում գրանցել ԱՊԼ-ի ևս մեկ չեմպիոնություն. 2017/18 մրցաշրջանում նրա գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Մանչեսթեր Սիթիին»:

Leave a Comment