Ջոն վան’տ Սխիպը կարող է հեռացվել Ղազախստանի հավաքականից, իր նշանակումից ընդամենը չորս խաղից հետո

Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից նշանակումից ընդամենը չորս խաղ անց։

Ինչպես հայտնում է Vesti.kz-ը, Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն սկսել է փոխարինողի որոնումները։ Ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է ոչ միայն ազգային հավաքականի արդյունքներից, այլև առաջին հերթին թիմի ցուցադրած խաղի որակից և բովանդակությունից։

Վան’տ Սխիպի գլխավորությամբ Ղազախստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում անցկացրել է չորս հանդիպում և դեռ ոչ մի հաղթանակ չի տարել։

Ղազախները պարտվել են Սլովակիայի թիմին և Մոլդովայի ընտրանուն նույն՝ 1-2 հաշվով, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ երկու հանդիպում ավարտել են ոչ-ոքի՝ 2:2 և 1:1 հաշվով։ Այսպիսով, չորս տուրից հետո թիմը վաստակել է ընդամենը երկու միավոր։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում կրկին կարող է նախապատվությունը տալ օտարերկրյա մասնագետի։

Հատկանշական է, որ վան’տ Սխիպը նման իրավիճակում արդեն հայտնվել է Հայաստանի հավաքականում։ Նիդերլանդացի մասնագետը գլխավորել էր Հայաստանի ազգային թիմը, սակայն նույնպես հեռացվել էր պաշտոնից ընդամենը չորս հանդիպում անցկացնելուց հետո։

Leave a Comment