ԱԱԾ-ն հերքում է Կուրիսում ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Armenia Today-ին հայտնել է, որ հերքում է Մեղրի համայնքի Կուրիս գյուղում ադրբեջանցիների ներթափանցման և նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահների որոնումների մասին տեղեկությունները։

«ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է»,- հավաստիացրել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից չեն հայտնել։

Այսօր, հոկտեմբերի 9-ին, ABC Media-ն Մեղրիում իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ նախորդ օրվանից լուրեր են տարածվում Մեղրի ադրբեջանցիների ներթափանցման մասին, և որ իրավապահները փնտրում են նրանց։ Աղբյուրի խոսքով՝ նրանց նկատել են Կուրիս գյուղում։

Կուրիսի վարչական ղեկավարը 24 News-ին չի հերքել այդ տեղեկությունները և խորհուրդ է տվել դիմել իրավապահներին։

Սյունիքում ներթափանցման երկրորդ դեպքի մասին տեղեկությունները տարածվել են Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հարձակումից մեկ շաբաթ անց։

Ադրբեջանը զինծառայողի անհետացման մասին Հայաստանին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին, սակայն ԱԱԾ-ն նրա՝ Հայաստանի տարածքում գտնվելու մասին հաղորդագրություն էր տարածել հոկտեմբերի 1-ին՝ հարձակումից հետո։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ բնակիչներին չեն զգուշացրել, քանի որ զինծառայողի՝ սահմանը հատելու մասին հաստատված տեղեկություն չի եղել, իսկ չճշտված տվյալների հրապարակումը կարող էր խուճապ առաջացնել։

Leave a Comment