Աշխատում ենք, հարկ ենք տալիս. կարելի՞ է մեզ ընդառաջել. ասում են՝ չի լինի. քանդման ենթակա կրպակի տնտեսվարող

Ինչպես արդեն հայտնել ենք, Աջափնյակ վարչական շրջան մի շարք կրպակատերեր և շինությունների սեփականատերեր այսօր բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը որոշել է քանդել օրինական կերպով իրենց պատկանող և սեփականության վկայականներ ունեցող կրպակները։
Էդիկ Ֆահրադյանը, ով վարձակալում է քանդման ենթակա խանութներից մեկը,  լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց՝ արդեն գնված ապրանքները ճանապարհին են և շուտով տեղ կհասնեն։

«Քանի որ քաղաքապետի հետ հանդիպում չենք կարողանում կազմակերպել, երեկ դիմեցինք թաղապետարան, ասացինք՝ խնդրեք գոնե մինչև տարվա վերջ հետաձգեն, որ մենք կարողանանք մեզ նոր խանութ ման գալ, տեղավորվել։ Մենք նախապատրաստվել ենք այս ձմեռային սեզոնին, որ կարողանանք այդ ապրանքները իրացնել։

Ասում են՝ չի լինի։ Ասում ենք՝ ինչի՞ չի լինի, ասում են՝ հանրային գերակա շահ է, պիտի քանդենք։ Իսկ մենք այդ հանրության մեջ չենք մտնո՞ւմ։ Աշխատում ենք, հարկ ենք ստեղծում, աշխատող ենք պահում, այդ աշխատողը ընտանիք է պահում, կարելի՞ է մեզ ընդառաջել գոնե մի երկու ամիս։

Մեր խնդրին ո՛չ լուծում են տալիս, ո՛չ միջնորդում, որ մենք հանդիպենք։ Այսպես անորոշ վիճակի մեջ ենք։ Ասում են՝ չորս օրից քանդում ենք։ Եթե դուք կարողանաք 4-5 օրում նոր տարածք գտնել՝ նորմալ վարձով, տեղափոխվեք այդ նոր տարածք և աշխատեք։
Ես իմ խանութի ամբողջ եղածը կտամ ձեզ։ Դա անհնար է, չի կարելի այսպես»,- ասաց Էդիկ Ֆահրադյանը՝ հավելելով, որ ինքը վարկ է վերցրել, ապրանքներ գնել, որ կարողանա վաճառի և ընտանիքը պահի։

Leave a Comment