Հայ-ադրբեջանական հարաբերությունները հետաքրքրական շրջադարձ են թեւակոխել: Դրանք այժմ կարելի է բնութագրել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակով, որը դատելով Ադրբեջանի գործողություններից եւ հռետորաբանությունից՝ կարծես թե չի թեքվում դեպի խաղաղությունը:
Հասկանալի է, որ կողմերը չունեն ստորագրված եւ վավերացված խաղաղության պայմանագիր եւ կարծես նման պայմանագրի ստորագրումը այնքան էլ իրատեսական չէ մոտիկ ապագայում:
Մյուս կողմից, պետք է խոստովանել, որ կողմերը ռազմական հակամարտությունների մեջ չեն ներգրավված եւ իրար վրա չեն կրակում: Հակամարտությունը, ըստ երեւույթին, բացառապես միակողմանիորեն հանրային ոլորտ է տեղափոխվել հայտարարությունների եւ քաղաքական հռետորաբանության տեսքով: Ամենաբարձր մակարդակի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի ղեկավար մարմինների կողմից են կատարվում, ոչ բարեկամական են իրենց բնույթով: Չնայած ռազմադաշտում կրակոցները դադարել են, Հայաստանի դեմ հակամարտությունը քաղաքական եւ տեղեկատվական ոլորտներում դեռեւս շարունակվում է:
Հարաբերությունները, որոնք իրենց տրամաբանական ավարտին չեն հասել, ժամանակավոր են իրենց բնույթով եւ վաղ թե ուշ կողմերը ստիպված են լինելու հասնելու ցանկալի խաղաղությանը: Սակայն փաստն այն է, որ ներկա դրությամբ նման հնարավորությունը իրագործելի չէ մոտիկ ապագայում, քանի որ խնդիրը միջին կարեւորության է համարվում:
Ամենայն հավանականությամբ այն կարող է իրականություն դառնալ Հայաստանից հանրաքվեի անցկացումից հետո: Հանրաքվե, որը կբավարարի Ադրբեջանի նախապայմանները: Նման կացությունը առաջին հերթին համապատասխան կլինի Ադրբեջանի շահերին, որովհետեւ որպես հաղթական կողմ եւ ավելի հզոր պետություն, Ադրբեջանը կարող է կարգավորել մի շարք խնդիրներ: Նախ, այդ երկիրը ուժեղացրել է իր դիրքերը տարածաշրջանում եւ կարող է այլ երկրներից ավելի մեծ դերակատարություն ունենալ այնտեղ: Միեւնույն ժամանակ նա ի վիճակի է զգալի զիջումներ կորզել Հայաստանից: Այլ կերպ ասած Հայաստանը նախնական զիջումներ կկատարի՝ համաձայն Ադրբեջանի պահանջներին, ինչը Ադրբեջանին կտա բարենպաստ հնարավորություն չստորագրելու խաղաղության պայմանագիրը, կամ գերագույն պահանջներ ներկայացնելով կձգձգի, որքան հնարավոր է, պայմանագրի ստորագրումը:
Այսպիսով, եթե նույնիսկ TRIPP-ը իրագործվի, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը:
Կարծես Մ. Նահանգներն էլ առանձնապես չի ցանկանում պայմանագրի ստորագրումը անմիջականորեն կապել TRIPP-ի գործարկման հետ: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանի նախագահը վերջերս Հայաստանի մասին այդքան բացահայտ թշնամանքով է արտահայտվում: Հնարավոր են մի քանի պատճառներ: Չի բացառվում, օրինակ, որ ՀՀ վարչապետը մի բան է խոստացել նրան, ինչ որ պատճռով դեռ չի կարողացել ի կատար ածել:
Հնարավոր է նաեւ, որ ագրեսիվութունը առնչվում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը արագացնելու հետ: Ադրբեջանի կառավարությունը հասկանում է, որ ամենամեծ խնդիրն այդտեղ երկաթուղու հարցն է: Ճնշումները դրա համար են, որ Հայաստանը ինչքան հնարավոր է շուտ կարգավորի այդ հարցը Մոսկվայի հետ: Այլապես կարող են երկու կողմերի միջեւ դարձյալ խնդիրներ առաջանան:
Հատկանշական է, որ Մ. Նահանգների նախագահ Թրամփը վերջերս համեմատաբար ավելի քիչ է անդրադառնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, ինչը վկայում է, որ գործընթացը փաստորեն փակուղու առաջ է կանգնած:
TRIPP-ի իրագործմանը խանգարող հանգամանքներից մեկը Իրան-Մ. Նահանգներ պատերազմն է: Մյուսը Հայաստանում գործող երկաթուղու հարցը, որի փատացի օպերատորն է Ռուսաստանը: Հաշվի առնելով, որ Հայաստանը առնչություն չունի Իրան-ԱՄՆ պատերազմի հետ, ապա Բաքվում ակնկալում են, որ Հայաստանը կարգավորի երկաթուղու խնդիրը Ռուսաստանի հետ ինչքան հնարավոր է շուտ, որպեսզի ռուսական կառավարումից ձերբազատվելով հնարավոր լինի Նախիջեւանի հետ կապը հաստատել:
Ամենայն հավանականությամբ Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը բավարարի Ռուսաստանի բոլոր պայմանները եւ երկաթուղու վերահսկողության հարցը իր վրա վերցնի, ինչ էլ լինի դրա գործնական հետեւանքները:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)d