Գերմանական եւ արտերկրի խոշոր լրատվամիջոցներն իրենց առաջին էջում հոկտեմբերի 6-ից ի վեր գրում են գերմանական մեդիայի բնութագրմամբ՝ աննախադեպ փաստի մասին՝ դաշնային դատախազության հանձնարարությամբ ոստիկանությունը Նորդվալդեի իր տնից առավոտ կանուխ ձերբակալեց Գերմանիայի հետախուզական ծառայության(BND) 1998-2005 թվականների ղեկավար 80-ամյա Աուգուստ Հաննինգին, որ հետախուզության ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո, մինչեւ 2009 թվականը ներքին գործերի դաշնային նախարարությունում պետքարտուղար է եղել: 1998-2005-ին Հաննինգի ենթակայությամբ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է մոտ 6000 գործակալ: Պետական ծառայությունն ավարտելուց հետո, Հաննինգը հիմնել է սեփական խորհրդատվական գրասենյակը, քաջ ճանաչել աշխարհի տարբեր երկրներում գործող հետախուզական ծառայությունների ղեկավարներին, աշխատակիցներին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի: Նա Գերմանիայի եզակի ամենատեղեկացված պաշտոնատարներից է, հեռախոսային գաղտնալսումների, ձեռք բերված «լեզուների», վերծանված տեղեկությունների գիտակ: Գերմանական լրատվականները նշում են, որ Հաննինգը Մոսկվայի հետ սերտ կապ է պահպանել՝ հատկապես շեշտելով նրա պաշտոնակից Նիկոլայ Պատրուշեւի անունը: Հաննինգը բրիտանական G3 ֆիրմայի համար Ռուսաստանի հարցով խորհրդատվություն է մատուցել: Նրանից դժգոհողներն ասում են, թե «մաքուր չէ», օրինակ Չինաստանի հետ կապ պահպանելիս հաշվի չի առնում՝ բարեկա՞մ երկրի հետ է, թե՞ հակառակորդի: Տեսանելի է, որ Հաննինգը օտար պետությունների համար խիստ փնտրված անհատ է եղել, սպասարկել է Գերմանիայի անվտանգության, քաղաքական հարցերի վերաբերյալ ամբողջական եւ հավաստի տեղեկատվություն եւ այն այլ երկրներին փոխանցելը, ինչպես տեղեկացանք հոկտեմբերի 6-ին, ցնցել է աշխարհը, իսկ գերմանացիներին զարմանք եւ զայրույթ պատճառում: Դժվար չէ ընկալել գերմանացիների հարցը՝ ի վերջո՝ ո՞վ է մեր պաշտպանը, երբ հավանական է, որ դրամական հատուցման դիմաց մեր անվտանգության երաշխավոր ծառայության ղեկավարը, լրտեսներին գաղտնազերծողն ինքը լրտեսության մեջ է կասկածվում:
Հաննինգի անունը դատախազության ուշադրությանն է արժանացել պատահաբար՝ 2025-ին Համբուրգում մի գործարարի՝ Քրիստինա Բլոքի երեխաների առերեւույթ առեւանգման գործը քննելիս:

Թվում է՝ Գերմանիայում ինչ պտտվում է, Ռուսաստանի հանդեպ պատմությունից մնացած թշնամանքի նստվածքն ունի, եւ պիտի կարդայինք, լսեինք, որ լրտեսական այս արտառոց պատմության մեջ շարժիչը ռուսական է: Գերմանացիների համար միշտ նշավակելի Ռուսաստանը առայժմ դուրս է այս սկանդալից, իսկ Ադրբեջանի անունը հստակ շեշտում են ի թիվս այլ ԶԼՄ-ների «Դեր շպիգելը», «Դի վելթը», «Բիլդը»:
«Թե որ երկրի, ում համար է ենթադրաբար աշխատել Հեննինգը» «Օսթդոյչե ալգեմայնեի» թղթակցի սույն հարցին ի պատասխան ԳԴՀ կառավարության խոսնակը հոկտեմբերի 7-ի ասուլիսին չի հերքել թղթակից Ֆլորիան Վարվեգի « հօգուտ Իսրայելի եւ Ադրբեջանի» հիշատակումը: Նույն օրվա «Բիլդը» մեկ էջ զբաղեցնող ծավալուն հոդվածի նախաբանում հստակ գրում է՝ «Հաննինգին կասկածում են, որ պետական գաղտնիքն առերեւույթ տրամադրել է օտար պետության՝ Ադրբեջանին»:
WDR-ի, NDR-ի եւ Süddeutsche Zeitung-ի հրապարակումների համաձայն, Հաննինգի՝ ենթադրաբար արտերկրի հետախուզական ծառայություններին տրամադրվող վերլուծությունները Ռուսաստանի համար չեն կազմվել: Հայտնի է, որ Հաննինգը Իսրայելի հետ սերտ կապ է ունեցել, բայց հրապարակավ չի հիմնավորվել իսրայելական հետախուզական ծառայության հետ լրտեսության մեղադրանքը:
Այն հանգամանքը, որ Հաննինգը ֆինանսական խնդիրներ է ունեցել, բնավ անհայտ փաստ չէ, գրում է «Բիլդը», նրա կենսաթոշակը տարիներ ի վեր առգրավված է, քանի որ Բալթյան երկրներում այն բանկը, որի վերահսկիչ խորհրդում Հաննինգը պաշտոնավարում էր, պատկանում էր մի օլիգարխի, որից վերցրել էին բանկը՝ սնանկ ճանաչելու հիմքով: Վերահսկիչ խորհրդի անդամներ Հաննինգը եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ 73- ամյա Անդերս Ֆոգ Ռասմուսսենը բերման էին ենթարկվել: Կապ կա՞ Հաննինգի վերոհիշյալ կասկածելի գործարքների եւ պետական գաղտնիքները փոխանցելու մեջ, դեռեւս հայտնի չէ:
Գերմանիայի եւ արտերկրի լրատվամիջոցների հարցերը բազմաթիվ են, առայժմ սակավ են ԳԴՀ կառավարության պատասխանները, որ սակայն խոստացել է աջակցել գործի լիարժեք բացահայտմանը:
Հոկտեմբերի 7-ին ձերբակալվեց Հաննինգի աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ-ն, որին վերագրվում է 2010 թվականից սկսյալ Հաննինգի համար վճարի դիմաց 2000 փաստաթղթի ձեռքբերում, տրամադրումը, որոնց մի մասը գաղտնի է եղել, նախատեսված միայն կանցլերի գրասենյակում ներքին հետախուզական նպատակներով գործածման համար: Մանֆրեդ Դ-ն մեղադրվում է օժանդակման մեջ, քանզի 16 տարի շարունակ հոգացել է, որ իր նախկին ղեկավարը տեղեկատվություն ստանա: Թոշակառու Հաննինգը անվտանգության հարցերով միջազգային խորհրդատվություն, վերլուծություններ էր տրամադրում եւ նրան թարմ տեղեկատվությամբ սնուցելը Մանֆրեդ Դ-ի գործառույթներից է եղել:
Գերմանական «Շպիգելը» ծանուցել էր, թե հետաքննում են՝ արդյոք Հաննինգը կապ ունեցե՞լ է արդբեջացի գործակալի հետ: Այն փաստը, որ նա Բեռլինում եղել է Բաքվի կառավարության թելադրանքով գործող Գերմանաադրբեջանական ֆորումի վարչության անդամ, բավական խոսուն է, որքան էլ ադրբեջանական աղբյուրները ապատեղեկատվություն համարեն կասկածյալի՝ լրտեսական կապն Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը հոկտեմբերի 7-ին հղում տալով AzNews-ին հերքել էր գերմանական «Շպիգելի»՝ Ադրբեջանի հետ Հաննինգի կապի մասին լրատվությունը՝ այն անհիմն, մանիպուլացնող որակելով:
Եթե ապացուցվի, որ Հաննինգը պետությանը դավաճանել է, մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Գերմանիայի դաշնային հետախուզության ղեկավար 62-ամյա Մարտին Յեգերը «Բիլդին» ասել է՝ « Մեր կառույցի եւ ինձ համար ներքին անվտանգության հարցում փոխզիջում չի կարող լինել»: Այդուհանդերձ մի նկատառում, որը երկրորդական չէ: Գերմանացիները չեն կարող չհիշել Լայպցիգ- Հալլեի օդանավակայանում օգոստոսի 4-ին տեղի ունեցածը: Հայտնաբերվել էր պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարք: Մոտակայքում ուկրաինական բեռնատար ինքնաթիռներ էին կայանված: Հետաքննությունը վարում էր դաշնային դատախազությունը, ներքին գործերի նախարար Դոբրինտը ակնարկեց «օտարերկրյա ուժերի» մասին, սակայն սեպտեմբերի 1-ին ՌԴ-ին հայտարարեց կատարվածի պատասխանատու: Իսկ ԱԳ նախարար Վադեֆուլը հաղորդեց ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին: Հետո Նյու Յորքում ռուս- ուկրաինական հակամարտությունը կանգնեցնելու նպատակադրմամբ հանդիպեցին Լավրովն ու Վադեֆուլը: Անարդյունք: ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունները շարունակում են պրկված մնալ: Երկրամասային ընտրություններում ծայրահեղ աջերի եւ Բեռլինում ձախերի հաղթանակը տկարացրել է կանցլեր Մերցի դիրքերը, եւ բնավ պատահական չէ, որ գերմանացի մեր գործընկերները հարց տվեցին հոկտեմբերի 7-ի ասուլիսում՝ Մերցը կապ ունեցե՞լ է Հաննինգի հետ: Կառավարության խոսնակը պատասխանեց, թե չգիտի, բայց չի էլ ենթադրում: Հաննինգը ճիշտ է, պաշտոնաթող է, ակտիվ կարիերան անցյալում է, սակայն մեղադրանքների պարսաքարը, ենթադրյալ հանցագործությունները 2010-ից 2022 թվականներին են:
Եւ ուրեմն ենթադրելի է, որ Հաննինգը հավանական լուրջ դերակատարում կարող է ունեցած լինել Արցախի բռնագաղթի, հանքերի յուրացման, Ալիեւի խավիարային դիվանագիտության, ի վերջո Գերմանիայի կանցլերներ Շոլցի, Մերցի, ԳԴՀ նախագահ Շթայնմայերի, գերմանուհի եվրոպաշտոնյա Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Ալիեւին «վստահելի գործընկեր» դիտարկելու, նրա հետ ռազմավարական սերտ հարաբերություն ը խորացնելու հարցում:
Դեռ շատ ջուր կհոսի, ու հնարավոր է, էլ ոչ մի պատնեշ Ադրբեջանի փլուզումը կանգնեցնելու զորություն չունենա: Կհետեւենք, կլուսաբանենք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա