Ռուսաստանյան «Ցարգրադ» հեռուստաալիքի էլեկտրոնային կայքը մի հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերի նախատեսվող կտրուկ ավելացմանը, բերել հայ տնտեսագետ Անդրանիկ Զատիկյանի համեմատությունը դրանց նախատեսվող չափերի եւ երկրում ընդունված նվազագույն աշխատավարձի միջեւ: 2027 թվականի հունվարի 1-ից սկսած, փաստում է կայքը, ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատավարձերը կբարձրանան մինչեւ 2.6 միլիոն դրամ, իսկ խորհրդարանի անդամներինը՝ մինչեւ 1.4 միլիոն դրամ: Ըստ հաշվարկի, վարչապետի եկամուտը կլինի նվազագույն աշխատավարձից 34.1 անգամ ավելի, երբ օրինակ Մեծ Բրիտանիայում այդ տարբերությունը 6.6 անգամ է:
Հայաստանում, ասվում է հրապարակման մեջ, երկրի ղեկավարության աշխատավարձերը բարձրացնելու ծրագրերի համատեքստում քննարկում են բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ նվազագույն աշխատավարձի միջեւ եղած տարբերության չափը: Վարչապետի եւ նախագահի աշխատավարձերի 2.6 միլիոնից բացի փոխվարչապետները կստանան 2.1 միլիոն դրամ, նախարարները եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մոտավորապես 2 միլիոն դրամ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը՝ 1.8 միլիոն դրամ: Բերված այս չափերին թերեւս պետք է հավելել «ավելի քան» բառերը:
Փոփոխությունները, ինչպես նշվում է, կանդրադառնան նաեւ օրենսդիր իշխանության վրա: Խորհրդարանի նախագահը կստանա 2.4 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ պատգամավորները՝ 1.4 միլիոն դրամ:
Նախկինում գործադիր իշխանության աշխատակիցների աշխատավարձերը վերանայվել էին 2023 թվականի բյուջեի հաստատման ժամանակ: Այդ ժամանակ վարչապետը ստացել էր 243.000 դրամի, նախարարները՝ 142.000 դրամի, իսկ պատգամավորները՝ մոտավորապես 120.000 դրամի աճ:
Գործող օրենսդրությունը սահմանում է պետական ծառայողների աշխատավարձերի վերանայումների միջեւ նվազագույն ժամանակահատված՝ նախորդ փոփոխությունից ոչ շուտ, քան երեք տարի անց:
Կառավարության ապարատում հիմնական աշխատավարձը սահմանվել է 2014 թվականին եւ մնացել է անփոփոխ մինչև 2023 թվականը, երբ այն սահմանվել է 83,200 դրամ: Հենց այս ցուցանիշն է ծառայում որպես պաշտոնական աշխատավարձերի հաշվարկման հիմք. այն բազմապատկվում է որոշակի պաշտոնին տրված գործակցով:
Հանուն արդարության ասենք, որ հատկապես դատաիրավական ոլորտի աշխատողների եւ մասամբ էլ բարձրաստիճան պաշտոնյաների պարբերաբար կտրուկ ավելացվող աշխատավարձերի եւ ամենատարբեր այլ ոլորտների բազմահազար պետական աշխատողների վարձատրության չափերի միջեւ խզումը մեզանում եղել է նաեւ «նախկինների» օրոք: Ու թեեւ ընդունելի է, որ պետական պաշտոնյան հնարավորության սահմաններում արժանապատիվ վարձատրություն ունենա եւ պետական ծառայությունը լինի գրավիչ, բայց եւ բազմախնդիր մեր երկրի առաջնահերթությունների ու հասարակության եկամուտների առկա ընդհանուր մակարդակի համեմատ մեծացող խզումի այսօրվա չափերն արդեն, թվում է, նման են պետական միջոցների կամայական յուրացման:
Թերեւս սոցիալապես ու բարոյապես արդար կլիներ, եթե ՊԵՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ աշխատավարձերը հաշվարկվեին երկրում ընդունված նվազագույն աշխատավարձի համեմատ գործակիցներով, որի դեպքում նվազագույն աշխատավարձի չափի ավելացումը կնշանակեր բոլորի վարձատրության չափի համամասն ավելացում: Իսկ ամենաքիչ եւ ամենաշատ պետական աշխատավարձերի տարբերությունը չանցներ, ասենք, տասնապատիկից:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ