Կառուցել, հիշել եւ շարունակել

Կամո Հայրապետյանի եւ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նոր նախաձեռնությունները

Օտար երկնքի տակ վեր խոյացած հայկական նոր տաճար, հայրենիքից հեռու մեծացող երեխաների շուրթերին հնչող մայրենի լեզու, մոռացությունից փրկված՝ հանուն հայրենիքի կյանքը տված մարդկանց անուններ… Առաջին հայացքից՝ տարբեր գործեր են, բայց բոլորն էլ մի կարեւոր նպատակ ունեն՝ պահպանել ազգային արմատները, պատմական հիշողությունն ու սերունդների միջեւ կապը:

Հենց այս նպատակին են ծառայում Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի վերջին նախաձեռնությունները: Միաժամանակ դրանք արտահայտում են մի կարեւոր սկզբունք՝ հայրենիքից հեռու պահպանել ազգային ինքնությունը եւ պատասխանատվությամբ մասնակցել այն հասարակության կյանքին, որտեղ ապրում ես:

Այս մոտեցմամբ է տարիներ շարունակ աշխատում Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքը՝ Կամո Հայրապետյանի գլխավորությամբ:

Աղոթքի նոր տուն՝ օտար ափերում

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունը սովորական հանդիսություն չէր տեղի հայ համայնքի համար: Օծվեց եւ իր դռները բացեց Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցին:

Օծման արարողությունը թեմի հոգեւորականների հետ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մովսես Մովսիսյանը: Նորաբաց եկեղեցու հոգեւոր հովիվն է Տեր Տաթեւոսը:

Հանդիսությանը ներկա էին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանը, միության եւ հայկական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ ու հյուրեր:

Իր բարեմաղթանքի խոսքում Կամո Հայրապետյանը հատկապես ընդգծել է բարերար Ատոմ Մարտիրոսյանի ներդրումը, որի աջակցությամբ եւ ջանքերով կառուցվել է եկեղեցին, եւ բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության Տեմրյուկի շրջանային բաժանմունքի նախագահ Ռուդիկ Մազմանյանի նվիրված աշխատանքը:

Ատոմ Մարտիրոսյանն ու Ռուդիկ Մազմանյանը պարգեւատրվել են «Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի զարգացման գործում ունեցած ակնառու ավանդի համար» մեդալներով:

Եվս մեկ հավատքի ու աղոթքի տուն վեր հառնեց օտար ափերում: Մի վայր, ուր հայրենիքից հեռու ապրող հայը կարող է իր երեխային բերել ոչ միայն մոմ վառելու, այլեւ ցույց տալու, որ իր ժողովրդի հավատքն ու մշակույթը անցյալի հիշողություն չեն: Դրանք ապրում են նաեւ այսօր՝ եկեղեցու պատերի ներսում հնչող աղոթքի, հայերեն խոսքի ու մանուկների ձայների մեջ:

Գիրք-հուշարձան՝ գալիք սերունդներին

Եթե Տեմրյուկում իր դռներն է բացել հոգեւոր տունը, ապա Կրասնոդարում մեկ այլ նախաձեռնություն կոչված է պահպանելու եւ գալիք սերունդներին փոխանցելու մարդկային հիշողությունը:

Սեպտեմբերի 30-ին Կրասնոդարի «Պրեմիերա» արվեստի պալատում ներկայացվել է «Կուբանի հերոսները. Հատուկ ռազմական գործողության անմահ գունդը» հիշատակի գրքի առաջին հատորը՝ նվիրված զինվորական պարտքը կատարելիս զոհված Կրասնոդարի երկրամասի բնակիչներին:

Գրքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Հերոսների հարազատներ» խմբին, որը ղեկավարում է զոհված զինծառայողներից մեկի մայրը՝Լյուբով Շեմյակինան: Իր գաղափարը կյանքի կոչելու համար նա դիմել է Կամո Հայրապետյանին: Դրան հաջորդել է ավելի քան մեկ տարի տեւած մանրակրկիտ աշխատանք: Հավաքվել են զոհվածների լուսանկարները, կենսագրական տվյալները, նամակները, հարազատների ու մարտական ընկերների հիշողությունները: Նյութերի մշակմանը մասնակցել են Կուբանի պետական համալսարանի բանասերները, իսկ Կամո Հայրապետյանի գործուն մասնակցությամբ կազմակերպվել է հրատարակչական ամբողջ գործընթացը՝ նախագծի սկզբից մինչեւ գրքի լույսընծայումը:

Շնորհանդեսին ներկա էին զոհված զինծառայողների հարազատներ ու մարտական ընկերներ, հասարակական, վետերանական եւ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ:

Գիրքը նույնպես հուշարձան է: Նրա էջերում պահպանված անուններն ու մարդկային պատմությունները թույլ չեն տալիս, որ ժամանակը մոռացության մատնի նրանց, ովքեր այլեւս չեն կարող իրենց մասին պատմել:

Ինքնության արմատները եւ երիտասարդությունը

Հայրենիքից հեռու հայ մնալը միայն ծագում չէ: Դա լեզու է ու հիշողություն, երգ ու մշակույթ, հավատք ու պատկանելության զգացում, որոնք մի սերունդը փոխանցում է մյուսին, որպեսզի օտար ափերում ծնված ու մեծացած հայ երեխան ոչ միայն իմանա, թե որտեղից են գալիս իր արմատները, այլեւ զգա՝ ով է ինքը:

Հենց այդ պատճառով Կրասնոդարի երկրամասային բաժանմունքի գործունեության կարեւոր ուղղություններից մեկը երիտասարդների հետ աշխատանքն է:

Կամո Հայրապետյանի ղեկավարած կառույցի գործունեության շրջանակում երկրամասային բաժանմունքի երիտասարդ ներկայացուցիչները մասնակցել են նաեւ Եկատերինբուրգում անցկացված Միջազգային երիտասարդական փառատոնին: Տասը երկրների երիտասարդ խորհրդարանականներին միավորած հանդիպումը նրանց համար դարձել է փորձի փոխանակման եւ միջազգային կապերի ընդլայնման հարթակ:

Միջազգային ու հասարակական կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավմանը զուգահեռ՝ Կրասնոդարի երկրամասում իրականացվող հայկական կրթամշակութային նախաձեռնությունները, հայոց լեզվի դասընթացները, կիրակնօրյա դպրոցները, երիտասարդական ծրագրերը, ազգային երգն ու պարը ծառայում են մեկ նպատակի՝ ռուսական հասարակության մեջ ապրող հայ երիտասարդին մոտ պահել իր արմատներին:

Ինչպես մեր նախորդ զրույցում նշել է Կամո Հայրապետյանը՝ «Ռուսական հասարակությանը ինտեգրվելը սպառնալիք չէ, եթե պահպանում ես ազգային ինքնությունդ»:

Ուսուցիչը՝ սերունդներին կապող կամուրջ

Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրվա առթիվ, Կամո Հայրապետյանը շնորհավորել է մանկավարժներին՝ առանձնահատուկ երախտագիտություն հայտնելով հայկական կրթությանը ծառայող ուսուցիչներին:

«Դուք պարզապես հայոց լեզու, գրականություն եւ պատմություն չեք դասավանդում: Դուք երեխաներին փոխանցում եք կապը իրենց մշակույթի եւ նախնիների ժառանգության հետ, օգնում եք պահպանել մայրենի լեզուն եւ հարգանք ձեւավորել սեփական արմատների նկատմամբ»,- ընդգծել է նա:

Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու մայրենի լեզվի ուսուցիչը երբեմն երեխայի առաջին իրական հանդիպումն է Հայաստանի հետ: Նրա սովորեցրած տառերի հետ երեխային են փոխանցվում պատմություններ ու երգեր, ընտանեկան հիշողություններ եւ, ամենակարեւորը, պատկանելության զգացումը:

Երկու ժողովուրդների հարատեւ բարեկամությունը

Կամո Հայրապետյանի ղեկավարած կառույցի գործունեությունը վաղուց դուրս է եկել զուտ ներհամայնքային շրջանակներից: Հիշատակի գրքի հրատարակումը, պետական կառույցների ու երիտասարդական շարժումների հետ սերտ համագործակցությունը փաստում են, որ Կուբանի բազմազգ միջավայրում հայ համայնքը գործուն եւ նկատելի դերակատարություն ունի: Այս հեղինակությունը ձեւավորվել է տարիների հետեւողական աշխատանքով եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցությամբ:

Այս համատեքստում խորհրդանշական է նաեւԿամո Հայրապետյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ծննդյան 74-ամյակը լրանում է հոկտեմբերի 7-ին:

Իր շնորհավորանքում նա մասնավորապես նշել է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ձեր ծննդյան օրվա առթիվ ընդունեք իմ ամենաջերմ եւ անկեղծ շնորհավորանքները: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ եւ տոկունություն, հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ:

Թող Ռուսաստանի ժողովուրդների կյանքում տիրեն խաղաղությունը, կայունությունն ու փոխադարձ հարգանքը: Որպես Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչ՝ հատկապես ցանկանում եմ մաղթել, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված բարեկամությունը, մարդկային ու մշակութային կապերը շարունակեն ամրապնդվել եւ փոխանցվել գալիք սերունդներին:

Մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ ամենայն բարիք: Շնորհավոր Ձեր ծննդյան օրը»:

Վերջաբանի փոխարեն

Տեմրյուկում արդեն բաց են նորակառույց «Սուրբ Խաչ» եկեղեցու դռները, հիշատակի գրքի էջերում պահպանվել են զոհվածների անունները, իսկ դպրոցական տետրերում հայ մանուկները գրում են մայրենի լեզվով իրենց առաջին բառերը:

Առաջին հայացքից սրանք տարբեր պատմություններ են, բայց իրականում՝ միեւնույն մեծ խորհուրդը. կառուցել՝ որպեսզի հարատեւի, հիշել՝ որպեսզի չկորչի, կրթել՝ որպեսզի շարունակվի…

Թերեւս հենց այս սկզբունքով էլ կարելի է բնութագրել այն աշխատանքը, որն այսօր Կրասնոդարի երկրամասում իրականացնում են Կամո Հայրապետյանն ու նրա ղեկավարած Ռուսաստանի հայերի միության երկրամասային բաժանմունքը՝ պահպանել ժառանգածը եւ փոխանցել գալիք սերունդներին:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

The post Կառուցել, հիշել եւ շարունակել appeared first on Ազգ.

Leave a Comment