Շվեդիան ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի հետ միասին Բոտնիայի ծոցի հարավային հատվածում ռազմական զորավարժություններ է անցկացնում։ Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում կողմերը մշակում են հակաօդային պաշտպանության համատեղ ապահովման, ծովային թիրախների խոցման, փոքր տրամաչափի զինամթերքի կիրառման, ինչպես նաև ընդհանուր իրավիճակային իրազեկվածության ձևավորման հմտություններ։
Զորավարժություններին Շվեդիան մասնակցում է «Կարլստադ» կորվետով, Ֆինլանդիան՝ «Հեմենմաա» ականակիր նավով, իսկ ԱՄՆ-ը՝ «Փոլ Իգնատիուս» ականակիրով։
Հաղորդագրությունում նշվում է, որ Բոտնիայի ծոցը կարևոր նշանակություն ունի Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի համար, քանի որ այստեղով անցնող ծովային ուղիներով խաղաղ ժամանակ տեղափոխվում են մեծածավալ բեռներ և տեխնիկա, ինչպես նաև ճգնաժամերի և պատերազմների ժամանակ։
Շվեդիան և Ֆինլանդիան այս տարածքում պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, մինչդեռ այլ դաշնակիցների մասնակցությունը սովորական պրակտիկա չէ։
«ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունն ընդգրկում է դաշինքի ողջ տարածքը, և մենք պետք է վարժանքներ անցկացնենք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»,- հաղորդագրությունում մեջբերված է Շվեդիայի ռազմածովային ուժերի օպերատիվ բաժնի ղեկավար Պաուլա Վալենբերգի խոսքը։