Մեծ Բրիտանիայում Լատվիայի երկու քաղաքացու են ձերբակալել՝ ռազմաբազա մտնելու համար

Մեծ Բրիտանիայում բնակվող Լատվիայի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Անգլիայի Քեմբրիջշիր կոմսությունում գտնվող Մոլսվորթ թագավորական ռազմաօդային ուժերի բազա ներխուժելու համար։ Այս մասին ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդիկ ռազմական օբյեկտ են ներթափանցել հոկտեմբերի 8-ի գիշերը՝ ճեղքելով բազայի ցանկապատը։ Նրանց մեքենան, որը կայանված է եղել ռազմաբազայի մոտ, գրավել է ռազմական ոստիկանության ուշադրությունը։

Սքոթլանդ Յարդը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը 36, մյուսը՝ 32 տարեկան է։ Սկզբում նրանք ձերբակալվել են «արգելված տարածք ապօրինի մուտք գործելու և գույքին վնաս պատճառելու» կասկածանքով։ Այժմ նրանց կասկածում են նաև ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու մեջ։

Երկուսն էլ շարունակում են մնալ Քեմբրիջշիրի ոստիկանության բաժանմունքներից մեկում։

Ոստիկանությունը ընդգծել է, որ նախնական տվյալներով՝ միջադեպը կապ չունի սեպտեմբերի վերջին Գլոսթերշիր կոմսությունում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած դեպքերի հետ։ Այն ժամանակ հինգ մարդ էր ձերբակալվել՝ ահաբեկչության և պայթուցիկ նյութերի մասին օրենքները խախտելու կասկածանքով։ Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել գրավի դիմաց, իսկ նրանց ֆուրգոններում պայթուցիկ նյութեր չէին հայտնաբերվել։

Leave a Comment