Վրաստանում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թիֆլիսի հնագույն հայկական պարբերականները կվերականգնվեն և կփոխանցվեն հայկական կողմին։ Վրաստանի և Հայաստանի ազգային գրադարանները ձեռք են բերել բացառիկ համաձայնություն՝ վերարժևորելու Թբիլիսիում պահվող հայկական պատմական արխիվները։ Սա հայ-վրացական մշակութային համագործակցության և Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերի կարևորագույն ձեռքբերումներից է, որի պաշտոնական բացումն է այսօր Վրաստանի մայրաքաղաքում։

Լինելով հայ մշակույթի ու տպագիր մամուլի խոշորագույն կենտրոններից մեկը, Թբիլիսին պահել է եզակի հայկական արխիվ։ Այսօր Վրաստանի  ազգային գրադարանում պահպանվում են հայկական պարբերականներ, հնատիպ գրքեր, որոնք շուտով նոր կյանք կստանան։

Երևանում կայացած պայմանավորվածության համաձայն՝ վրացական կողմը կվերականգնի, հայկական կողմին կփոխանցի այդ բացառիկ արխիվից մի հատված։

Վրաստանի Ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան փաստում է՝ հայկական հավաքածուն բավականին ընդգրկուն է, իսկ երկու երկրների գործընկերների միջև համագործակցությունը՝ կոնկրետ ու գործնական․

«Վերջերս Երևանում էի և հանդիպեցի Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի հետ. մենք պայմանավորվեցինք վերականգնել հայկական թերթերն ու պարբերականները և փոխանցել հայկական կողմին։ Դրանք մեծ քանակությամբ են, քանի որ հատկապես Թիֆլիսում հայկական թերթեր էին հրատարակվում։ Կան նաև հին հայկական եզակի գրքեր, որոնք մեր ֆոնդի մասն են։ Իսկապես, Թիֆլիսը հայկական մշակույթի կարևոր կենտրոն էր, որտեղ հայ և վրաց մշակույթը զարգանում էր միասին»։

Վրաստանի ազգային գրադարանը, ղեկավարի խոսքով, բնականաբար, սերտորեն կապված է հայկական այս առնչությունների հետ, անմիջականորեն ներգրավված է վրաց-հայկական մշակութային նախաձեռնություններում։

Երկու երկրների գրադարանների այս բացառիկ համագործակցությունը Վրաստանում սկսված Հայաստանի մշակույթի օրերի միայն մեկ դրվագն է։

Վրաստանում մեկնարկել է Հայաստանի մշակույթի օրեր նախագիծը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, ծրագիրը շարունակվել է Վրաստանի Ազգային պատկերասրահում՝ Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցահանդեսով։

Մինչև տարեվերջ նախատեսված միջոցառումների նպատակն է լրացնել այն բացը, որն այսօր կա երկու հարևան ժողովուրդների մշակութային ճանաչելիության մեջ։ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի խոսքով՝ դարավոր համատեղ պատմությունը պահանջում է անընդհատ ու խորքային աշխատանք․

«Վրաց հասարակությունը տարեցտարի ավելի ծանոթ է հայկական մշակույթին… Բայց պետք է անկեղծ լինել՝ ոչ այնքան, որովհետև եթե ելնենք նրանից, թե որքան հարուստ է եղել հայկական մշակութային հետքը Թբիլիսիում, ես որոշակի պակաս եմ տեսնում, և մեր գործն է այդ պակասը լցնել։ Լինելով երկու ժողովուրդներ, որոնք իրար շատ մոտ են ավանդույթներով ու մշակույթով, մենք պետք է կարողանանք միշտ ցուցադրել իրար և փոխլրացնել»։

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում միջոցառումների շարքն այս տարի հատուկ խորհուրդ ունի՝ այն նվիրված է Հայաստանի Անկախության 35-ամյակին։ Սեպտեմբերի սկզբին Թբիլիսիում կայացել են նախապատրաստական հանդիպումներ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակության մասնակցությամբ։ Եվ Հայաստանի մշակույթի միջոցառումների մեկնարկին աշխատանքային այցով Վրաստան էր այցելել նախարար Ժաննա Անդրեասյանը։

Leave a Comment