
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հարվածի Իրանին մինչև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Այս մասին նա գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում:
Նա բացառել է որևէ հարձակում իրանական օբյեկտների վրա ընդհուպ մինչև քվեարկության օրը՝ նոյեմբերի 3-ը:
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իրանական վարչակարգը հայտնվել է տնտեսական և ռազմական ծանր դրության մեջ՝ ԱՄՆ-ի իրականացրած ամբողջական ծովային շրջափակման պատճառով։ Նա նշել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները ռեկորդային ծավալների են հասնում, սակայն Իրանից որևէ բարել նավթ դուրս չի գալիս և չի մտնում այդ երկիր։
Թրամփի այս հայտարարությունը հաջորդել է The Atlantic պարբերականի աղմկահարույց հրապարակմանը, որտեղ ասվում էր, թե Սպիտակ տունը Պենտագոնից և Կենտրոնական հրամանատարությունից պահանջել է Իրանին հարվածելու սցենարներ մշակել հենց մինչև ընտրությունները:
Փորձագետները նման հնարավոր քայլը կապում էին Թրամփի վարչակազմի՝ արտաքին հաջողությունները ցուցադրելու և վառելիքի ներքին ռեկորդային բարձր գները նվազեցնելու ցանկության հետ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում հանրապետականների վարկանիշի վրա: Այսպիսով, իր հրապարակային հայտարարությամբ Թրամփը հերքել է առաջիկա շաբաթներին սպասվող անխուսափելի էսկալացիայի մասին լուրերը: