Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բարեկամական և փոխադարձ հարգանքի հիման վրա, առկա է քաղաքական երկխոսություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի կարգավորել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, համաձայնագրով նախատեսվում է սահմանել՝ կողմերի քաղաքացիների մուտքի և ելքի համար ընդունելի ճանապարհորդական փաստաթղթերի շրջանակը, առանց մուտքի արտոնագրի մուտքի և գտնվելու պայմանները, միմյանց պետությունների տարածքում գտնվելու ժամկետները, սահմանային անցման կետերով մուտքի և ելքի կարգը, քաղաքացիների գտնվելու վայրի գրանցման հետ կապված հարցերը, մուտքի կամ գտնվելու սահմանափակման հնարավոր հիմքերը, կորցրած կամ անվավեր ճանաչված ճանապարհորդական փաստաթղթերի վերաբերյալ իրավասու մարմինների համագործակցությունը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է այսօր՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում։
Հավանություն է տրվել նաև ՀՀ կառավարության և ՂՀ նախարարների կաբինետի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի և համաձայնագրի իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկություններին: Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը միգրացիայի և անօրինական միգրացիայի ոլորտներում։ Կողմերի օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է սահմանվելու յուրաքանչյուրի տարածքում կամ տարածքով օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անօրինական միգրացիայի համար, ինչպես նաև Կողմերի տարածքներում անօրինական գտնվող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի կիրառման համար։ Ստեղծվելու են միգրացիոն գործընթացների կարգավորման, արագ և արդյունավետ ընթացակարգերի և երկկողմ համագործակցության համար իրավական հիմքեր։
Գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է, որը նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։ Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների համատեղ արտադրության գործընթացները՝ սահմանելով համագործակցության ընդհանուր սկզբունքներ և նպաստելով մասնակից երկրների միջև համադրելի և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։ ՀՀ-ի կողմից կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի՝ զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում, խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին, ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում, ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում, բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։
Հավանություն է տրվել 1996 թ. մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը կնպաստի ՀՀ-ում առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովմանը՝ պետական և մասնավոր կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ ձեռնարկելով համապատասխան միջոցներ, կընձեռի նոր հնարավորություններ առողջության համար վնասակար պատճառները վերացնելու ուղղությամբ։ Վավերացման արդյունքում հնարավորինս կկանխվեն համաճարակային, տեղական (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները։
Հավանություն է տրվել 2026 թ. մայիսի 5-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման և ղեկավար մարմինները, ֆրանսիական կողմի և հայկական կողմի պարտավորությունները, ներկայացվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, կիրառական հետազոտությանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված դրույթները, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրումը։