ՀՖՖ-ն հայտարարությամբ է հանդես եկել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի քաղաքացիության վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի քաղաքացիության վերաբերյալ:

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն: Նա ունի ՀՀ անձնագիր և զինվորական գրքույկ, որը ստացել է ծառայելով Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում։ Մելիքյանը 30 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում: Միաժամանակ հայտնում ենք, որ որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանի հետ կապ չի հաստատել և նրանից այս թեմայով մեկնաբանություն չի խնդրել։ ՀՖՖ-ն հորդորում է լրատվամիջոցներին նմանատիպ լուրեր հրապարակելուց առաջ ստուգել փաստերը և դիմել համապատասխան անձանց՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով»,- նշված է ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ օրաթերթերից մեկը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Եղիշե Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի, թեև հանդես է գալիս հայրենասիրական կոչերով:

Leave a Comment