Հայաստանի տարբեր մարզերում սննդամթերք և ըմպելիք արտադրող տնտեսվարողները
Երևանում մասնակցում են Միջազգային առևտրային և ներդրումային ֆորումին։ Նրանց հնարավորություն է տրվել հանդիպելու և իրենց արտադրանքը ներկայացնելու տարբեր երկրների շահագրգիռ գնորդներին և դիստրիբյուտորներին։ Ֆորումը համաֆինանսավորել է Եվրոպական միությունը Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) միջոցով:
250 պատվիրակ 38 երկրից Հայաստան են եկել Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումին մասնակցելու համար։ Նրանք ներմուծողներ են, միջազգային առևտրային կազմակերպությունների, մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչներ և գնորդներ, ինչպես նաև սննդամթերք, թարմ միրգ ու բանջարեղեն, խմիչք արտադրող հայաստանյան ընկերությունների պատվիրակներ։ Ցանկն ավելի քան ներկայացուցչական է։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծում է՝ ֆորումի բազմաթիվ մասնակիցների ներկայությունը վկայում է, որ Հայաստանը գնալով ավելի ակտիվորեն է ներկայանում միջազգային գործարար աշխարհում, իսկ հայկական արտադրանքը նոր շուկաներում։
«Այս ֆորումը կարևոր հարթակ է ոչ միայն հայկական արտադրանքի և մեր երկրի արտահանման ներուժի ներկայացման, այլև մարդկանց գաղափարների, գործարար հնարավորությունների միավորման համար»
Ֆորումն ունի կոնկրետ ուղղվածություն՝ կենտրոնանալ հայկական արտադրանքի համար արտասահմանյան նոր շուկաների բացահայտման վրա՝ ասում է ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Ընդգծում է՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան և նոր շուկաների բացահայտումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է։
«Հնարավոր քաղաքական շրջանի ապահովումն է, որպեսզի մեր արտադրողները կարողանան նոր պոտենցիալ շուկաներ բացահայտել։ Հայաստանի ներդրումային խորհրդի և մյուս գործընկերների հետ աշխատել ենք մեր բիզնեսների համար ստեղծել կապեր միջազգային խոշոր ցանցերի հետ»։
Փոխնախարարի խոսքով՝ մյուս կարևոր ուղղությունը ՀՀ կառավարության աջակցության ծրագրերն են հայ արտադրողների դեպի նոր շուկաներ առաջին քայլերին։ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը հստակեցնում է՝ տեղական արտադրողներին հնարավորություն են տալիս միջազգային գործընկերների հետ բանակցելու ու կնքելու փոխշահավետ գործարքներ։
«Ֆորումի մասնակիցների թվում կան Պարսից ծոցում, եվրոպական երկրներում ու Լատինական Ամերիկայում առևտրային ցանցերի խոշոր սեփականատերեր, որոնք կարող են հայ արտադրողներին օգնել արտահանման դիվերսիֆիկացիայի հարցում։ Նրանք ուզում են ավելի շատ տեղեկանալ, ծանոթանալ սերտիֆիկացման գործընթացին՝ հետագայում մեծ թվով ապրանքներ ներմուծելու համար»։
Առաջիկա վեց ամսվա արդյունքներով մոնիտորինգ է անցկացվելու։ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը նշում է՝ սա հայ արտադրողներին և միջազգային գնորդներին միմյանց կապելու լավագույն պահն է։
«Բազմաթիվ միջազգային գործընկերներ են այցելում Հայաստան՝ գիտակցելով առկա հնարավորությունների իրական արժեքը։ Միացյալ Թագավորությունը հպարտ է աջակցել ու Հայաստանի ջանքերին՝ կառուցելու մրցունակ, բաց և բազմազան տնտեսություն, որտեղ առկա հնարավորություններն իսկապես հետաքրքիր են և խթանող։ Ներդրումային խորհրդի հետ մեր համագործակցությունը հնարավորություն է տալիս բարելավելու գործարար միջավայրն ու պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, ինչպես նաև աջակցելու այնպիսի բարեփոխումների, որոնք ընկերություններին թույլ են տալիս իրականացնել ներդրումներ, ներդնել նորարարություններ և դուրս գալ նոր շուկաներ»։
Դիվանագետի կարծիքով՝ արտահանման դիվերսիֆիկացիան առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսական երկարաժամկետ կայունության համար, և այս թեմայի շուրջ կենտրոնանալը հատկապես արժեքավոր է։
«Միացյալ Թագավորությունում մենք վերջերս պայմանավորվել ենք Հայաստանի համար նախատեսված և առանց մաքսատուրքի ներկրվող ապրանքների ցանկում ավելացնել մի շարք նոր ապրանքատեսակներ։ Ուստի, կարծում եմ՝ առաջիկա օրերին արտադրողների հետ հանդիպելիս արժե հաշվի առնել, որ այդ ապրանքներից շատերը, մասնավորապես, թարմ մրգերը, որոշակի տեսակի պահածոյացված մրգերը, գինին, ինչպես նաև խոտաբույսերն ու համեմունքները, ներկրվելու են առանց մաքսատուրքի»։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան ասում է, որ աջակցում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում կան գործիքներ, որոնք կիրառում են առևտրային բանկերի միջոցով՝ տեղական բիզնեսին աջակցելու համար։ Մասնակիցներին ներկայացվել է նաև TradeArmenia.org արտահանման հարթակը։