
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ փակել Ռուսաստանի համար ելքը դեպի Բալթիկ ծով։ Այս մասին բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության թարմացված ծրագրերի շրջանակում դաշինքն ի վիճակի է օպերատիվ կերպով փակել Ֆիննական ծոցն ու Բալթիկ ծովը։ Դա ամբողջությամբ կմեկուսացնի Ռուսաստանի Բալթյան նավատորմը և կկտրի Կալինինգրադի մարզի մատակարարման ծովային ուղիները։ Ցահքնան տարածաշրջանն անվանել է Մոսկվայի համար «կենսական նշանակության զարկերակ», որով իրականացվում է ռուսական նավթի ծովային արտահանման մինչև 60%-ը։
Միևնույն ժամանակ, Էստոնիայի արտգործնախարարը հստակեցրել է, որ նման կոշտ միջոցները կարող են կիրառվել բացառապես ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի շրջանակում՝ այսինքն՝ դաշինքի անդամներից մեկի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման դեպքում։
Բացահայտ ագրեսիայի բացակայության պայմաններում դաշնակիցները կշարունակեն խստորեն պահպանել միջազգային ծովային իրավունքը և նավագնացության ազատությունը։ Դիվանագետը նաև նշել է, որ այս պահին Ռուսաստանի կողմից իրական հարձակման նախապատրաստման որևէ նշան չի արձանագրվում։