Արցախում զոհվածների աճյունների տեղափոխման հարցը լուծում չի ստանում․ Գալստյան

Արցախում 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի և Ասկերանի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունները Հայաստան տեղափոխելու հարցը լուծում չի ստանում, լրագրողներին հայտարարել է երկու եղբայրներին կորցրած Բելա Գալստյանը։ Ուղիղ եթերը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

Նա լրագրողների հարցերին պատասխանել է Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչների հետ զոհվածների հարազատների հանդիպումից հետո։

«Զոհվածների մարմինները հուղարկավորված չեն, չունեն բարեկարգված գերեզմաններ։ Մեր միակ ցանկությունն է՝ կարողանանք տեղափոխել մեր հարազատների մարմինները, որպեսզի դրանք թշնամու ոտքի տակ չմնան»,- ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ վարչապետին, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը (ԱԳՄԱՆ) և Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) ուղղված բազմաթիվ նամակներն անպատասխան են մնում կամ վերահասցեագրվում են։

Գալստյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից վերջերս պատասխանել են, որ գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն իրավասու չէ զբաղվել զոհվածների աճյունների տեղափոխմամբ։

Նա ընդգծել է, որ մինչ օրս որևէ պետական մարմին չի ստանձնել խնդրի լուծման պատասխանատվությունը։

Արցախում զոհվածների հարազատները 2024 թվականին դիմել էին իշխանություններին՝ Ստեփանակերտում հուղարկավորված զինվորների աճյուններն արտաշիրիմելու և Հայաստանում վերահուղարկավորելու խնդրանքով։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է  223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել է 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

 

Leave a Comment