
Վարչապետի որոշմամբ՝ Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցաումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am-ում:
«Ազատության» «Сибирь.Реалии» նախագիծն ավելի վաղ հայտնել էր, որ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել էր ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։
Հայաստանն առկախել է իր մասնակցությունը՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտում ժանտախտին վերաբերող գիտաժողովին, «Ազատությանը» հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը: Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին: