Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին – հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման ՝ օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետևյալ նոր չափանիշներ և կարգավորումներ։ Մասնավորապես, բացառվել են ներդրումային ֆոնդերին հավաստագրի տրամադրումը, վերանայվել է թե օրինապահ հարկ վճարող համարվելու, թե հավաստագրի գործողության դադարեցման համար թույլ տրվող իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը` վերին շեմ սահմանելով 10 մլն դրամ, նախկին 4 մլն դրամի փոխարեն, հարկ վճարողի մոտ դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող հարկային երկու տարում գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասի բացակայություն։ Միաժամանակ սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկում և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգ։