Շաքիի դեպքի հիման վրա՝ օրվա իշխանությունը շատ վտանգավոր թեզ է առաջ քաշում։։
Հազարավոր մարդիկ, ի դեմս Անի Ավետիսյանի, վերագտել էին իրենց ազգային արժանապատվությունը։ Իր տունն ու երեխաներին պաշտպանելու նրա համարձակությունը չէին ընկալում լոկ որպես մայրական բնազդ, այլ ավելին՝ գիտակցաբար արված քայլ, որն իրենք էլ կանեին, եթե հայտնվեին այդ նույն իրավիճակում՝ թշնամին մտել է օջախդ, այնտեղ արդեն տնավորվել է, թքած ունի՝ իսկ եթե տանտերերը վերադառնան (իսկ նրանք հաստատ վերադառնալու են)։ Ադրբեջանցի զինվորն այս ամենը շատ լավ գիտակցել է ու պատրաստ եղել՝ տանտերերին ավտոմատով դիմավորելու, ինչը և իրագործել է նրանց տեսնելու առաջին իսկ վայրկյանից։
Ադրբեջանցի զինվորին որպես իրավիճակի «զոհ» ներկայացնելու իշխանությունների թեզը ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, մեզնից յուրաքանչյուրին և հավաքական իմաստով ամբողջ ազգին նման իրավիճակներում ինքնապաշտպանվելու տարրական իրավունքից զրկելու բացահայտ հրահանգ է։
Թշնամին մտել է տունդ. ոչինչ չձեռնարկես, եթե նրա մտքով անցնի սպանել երեխաներիդ, քեզ նվաստացնել, ինքնապաշտպանության չդիմես… ոստիկանություն կանչիր։
Իսկ ի՞նչ երաշխիք, որ մարդն իր սեփական տան մեջ իր ընտանիքով նստած չի լինի, ու թշնամու զինվորը ներս չի խուժի, էլի՞ պիտի ձեր հրահանգը կատարի ու ոստիկանություն կանչի։