ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին՝ նվիրված ՀՀ անկախության 35֊ամյակին. հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ծրագիրը նվիրված է ՀՀ ասնկախության 35-ամյակին։
«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 35-ամյակը։ Պահպանելով ինքնության ու մշակութային ժառանգության հարուստ ավանդույթները՝ մեր պետությունը շարունակել է զարգանալ և ներկայանալ աշխարհին իր մշակույթի բազմազանությամբ ու ստեղծագործական ներուժով։ Անցած տասնամյակները կարևոր ժամանակահատված են եղել մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացման և փոխադարձ համագործակցության ամրապնդման համար։
Այսօր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացված այդ հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, իսկ մշակույթն իր առանձնահատուկ տեղն ունի այդ համագործակցության մեջ՝ ստեղծելով մարդկանց, հասարակությունների և ստեղծագործական համայնքների միջև անմիջական շփման ու փոխադարձ ճանաչման հնարավորություններ։
Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Վրաստանում հրաշալի առիթ է՝ ներկայացնելու ժամանակակից Հայաստանի մշակութային դիմագիծը, մեր ավանդական և ժամանակակից արվեստը, մեր ժառանգությունն ու այն ստեղծագործական ներուժը, որով այսօր ապրում և զարգանում է հայկական մշակույթը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և շնորհակալություն հայտնել Վրաստանի մշակույթի նախարարությանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկերներին՝ միջոցառման կազմակերպման համար։