«Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չէ պաշտոնի հետ». Փաշինյան

Կարող են ստեղծել հանձնաժողով, որ վարչապետը դիպլոմ չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել էր՝ «եկեղեցում կարո՞ղ են հանձնաժողով ստեղծել ու քննարկել՝ վարչապետը դիպլոմ չունի, ինչպե՞ս է վարչապետ», ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այստեղ այլ խնդիր կա՝ վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ, իսկ Կտրիճ Ներսիսյանի՝ աղջիկ ունենալն անհամատեղելի է կաթողիկոսի պաշտոնի հետ»։

Օրերս խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Նախօրեին էլ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցու մասին կառավարության պատրաստած զեկույցը և դրա հետքերով խորհրդարանում իշխանական պատգամավորների ջանքերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով որպես եկեղեցու ներքին կյանքին և ինքնակառավարմանը միջամտելու փորձ։

Leave a Comment