Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի 7 համայնքներին ռոյալթիից գոյացած համայնքային մասհանումների շրջանակում հատկացնել ընդհանուր առմամբ 834.6 մլն դրամ։ Նախագծով ներկայացվում է, թե համայնքներից յուրաքանչյուրին որքան գումար է նախատեսվում տրամադրել և ինչ ծրագրերի իրականացմանն են ուղղվելու այդ միջոցները։
Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ։ Նախագծի հիմնական նպատակը մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիներից օրենքով նախատեսված համայնքային մասհանումների տրամադրումն է ազդակիր համայնքներին։
Ի՞նչ են համայնքային մասհանումները
Համայնքային մասհանումները համայնքների ֆոնդային բյուջեներ մուտքագրվող նպատակային միջոցներ են, որոնք պետք է օգտագործվեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համար՝ առաջնահերթություն տալով այն բնակավայրին, որը համարվում է ազդակիր։
Օրենսդրությամբ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսը հատկացվում է համապատասխան համայնքային մասհանումների համար։ Դրանց բաշխման համակարգը երկաստիճան է․ գումարի 50 տոկոսը հավասարաչափ բաշխվում է տվյալ ռոյալթի վճարողի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը՝ համապատասխան ազդակիր բնակավայրեր ունեցող համայնքների միջև։
Որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել
2026 թվականի համայնքային մասհանումները հաշվարկելու համար հիմք են ընդունվել 2023 թվականին փաստացի վճարված ռոյալթիների տվյալները։ Այդ տարի 9 մետաղական հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել ընդհանուր 41 մլրդ 733 մլն 4.8 հազար դրամ ռոյալթի։
Դրանից համայնքային մասհանումների համար նախատեսված գումարը կազմել է 834 մլն 660.1 հազար դրամ, այսինքն՝ վճարված ռոյալթիի 2 տոկոսը։ Այդ գումարը նախատեսվում է բաշխել Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքների միջև։
Վարդենիս՝ 64.7 մլն դրամ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նախատեսվում է հատկացնել 64 մլն 753.4 հազար դրամ։
Գումարը նախատեսվում է ուղղել Սոթք բնակավայրի 1200 գծամետր ճանապարհի ասֆալտապատմանը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ճանապարհը հողային է և տարվա ընթացքում ցեխապատվում է, ինչն առաջացնում է երթևեկության և հետիոտների տեղաշարժի դժվարություններ։ Այդ ճանապարհին հարում են դպրոցը, մանկապարտեզը և վարչական շենքը։
Ալավերդի՝ 114.8 մլն դրամ
Ալավերդի համայնքին նախատեսվում է հատկացնել 114 մլն 844.6 հազար դրամ։
Այդ գումարից՝
- 58 մլն 18.9 հազար դրամը կուղղվի Շնող բնակավայրում խմելու ջրամատակարարման համակարգի կառուցմանը,
- 56 մլն 825.7 հազար դրամը՝ համայնքի համար ավտոբուս ձեռք բերելուն։
Ավտոբուսը նախատեսվում է օգտագործել ազդակիր և հարակից բնակավայրերի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։ Ջրամատակարարման ծրագրով նախատեսվում է ապահովել Շնողի 3-րդ փողոցի շուրջ 30 տնտեսությունների անվտանգ և անխափան խմելու ջրամատակարարումը։
Փամբակ՝ 51.2 մլն դրամ
Փամբակ համայնքին նախատեսվում է հատկացնել 51 մլն 219.1 հազար դրամ։
Միջոցներով նախատեսվում է ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա և մեքենա-մեխանիզմներ, այդ թվում՝ անվավոր և բազմաֆունկցիոնալ տրակտորներ, խոտի մամլիչ, խոտհնձիչ և խոտհավաք սարքավորումներ։ Տեխնիկան նախատեսվում է օգտագործել հնձման, խոտի հավաքման, պահեստավորման, ցանքսի և բերքահավաքի աշխատանքներում։
Ծաղկաձոր՝ 51.5 մլն դրամ
Ծաղկաձոր համայնքին նախատեսվում է հատկացնել 51 մլն 490.9 հազար դրամ։
Գումարը նախատեսվում է ուղղել Մեղրաձոր բնակավայրի 6-րդ փողոցի հիմնանորոգմանը։ Նախատեսվում է վերականգնել շուրջ 1500 մետր երկարությամբ և 6 մետր լայնությամբ ճանապարհը՝ ներառյալ հողային աշխատանքները, հիմքի ամրացումը, ասֆալտապատումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավումը։
Քաջարան՝ 151.3 մլն դրամ
Քաջարան համայնքին նախատեսվում է հատկացնել 151 մլն 277.9 հազար դրամ։
Գումարը նախատեսվում է ուղղել Քաջարան քաղաքի Աբովյան 10, Լեռնագործներ 16, Չարենց 1 և Չարենց 2 բազմաբնակարան շենքերի նորոգմանը։
Ծրագրով նախատեսվում է նոր տանիքների կառուցում, տանիքների ջերմամեկուսացում, աստիճանավանդակների վերանորոգում, պատուհանների և դռների արդիականացում, ինչպես նաև էներգախնայող լուսավորության համակարգերի իրականացում։
Կապան՝ 278.6 մլն դրամ
Կապան համայնքին նախատեսվում է հատկացնել ամենամեծ գումարը՝ 278 մլն 558.4 հազար դրամ։
Այն նախատեսվում է ուղղել Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու նորոգմանը։
Ծրագրի նպատակն է բարեկարգել քաղաքի գլխավոր մանկական զբոսայգին, ստեղծել երեխաների համար անվտանգ և ժամանակակից խաղային միջավայր, ինչպես նաև ընտանիքների համար հանգստի պայմաններ։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ զբոսայգին նախատեսվում է դարձնել նաև քաղաքի այցեքարտ՝ զբոսաշրջության զարգացման նպատակով։
Մեղրի՝ 122.5 մլն դրամ
Մեղրի համայնքին նախատեսվում է հատկացնել 122 մլն 515.7 հազար դրամ։
Միջոցները կուղղվեն Ագարակ և Մեղրի քաղաքների 11 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը։
Հիմնավորման համաձայն՝ նշված շենքերի տանիքները հիմնականում ասբեստե շիֆերից են և տարիների ընթացքում վնասվել են։ Նախատեսվում է վերանորոգել Ագարակի 5 և Մեղրիի 6 բազմաբնակարան շենքերի տանիքները։
Ո՞ր բնակավայրերն են համարվում ազդակիր
Նախագծով նախատեսվող մասհանումները կապված են կոնկրետ հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիների հետ։
Մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիներից նախատեսվում է օգտվել Քաջարան և Կապան համայնքների մի շարք բնակավայրերի, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիներից՝ Կապան համայնքի բնակավայրերի համար։
«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիներից մասհանումներ կստանան Մեղրի համայնքի Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս բնակավայրերը, իսկ «Լիչքվազ» ՓԲԸ-ի վճարած ռոյալթիներից՝ Լեհվազն ու Թխկուտը։
Լոռու մարզում մասհանումներ կստանան Ալավերդի և Փամբակ համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսը, իսկ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորը։
Ի՞նչ ուղղություններով կարող են ծախսվել միջոցները
2024 թվականի հունվարի 1-ից գործող իրավակարգավորումների համաձայն՝ ռոյալթիից մասհանում ստացող ազդակիր բնակավայրերն ու համայնքները կարող են այդ միջոցներով իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։
Նախատեսված են 9 հիմնական ուղղություններ՝
- գյուղատնտեսություն,
- կրթություն և գիտություն,
- առողջապահություն,
- սոցիալական ապահովություն,
- մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն,
- քաղաքաշինություն,
- ջրամատակարարում և ջրահեռացում,
- տրանսպորտ և ճանապարհաշինություն,
- զբոսաշրջություն։
Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի լրացուցիչ ավելացում կամ նվազեցում չի առաջացնում։
Այսպիսով, նախատեսվող 834.66 մլն դրամի համայնքային մասհանումները կուղղվեն ոչ թե նոր պետական ծախսերի, այլ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից վճարված ռոյալթիներից օրենքով նախատեսված մասնաբաժնի հաշվին համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։