
Ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Թուրքմենստանում հնարավո՞ր են հանդիպումներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ ԱԼիևի հետ:
Միաժամանակ Փաշինյանն ասաց, որ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. «Եթե հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր կլինի: Բայց շփումներ, զրույցներ լինելու են, նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:
Նախօրեին Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ գագաթնաժողովի շրջանակներում Պուտին – Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:
Վարչապետ Փաշինյանը Պուտինի և Ալիևի հետ վերջին անգամ հանդիպել էր Բիշքեկում՝ սեպտեմբերի 1-ին: Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանը պայմանավորվել էր առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, սակայն դրա ժամկետը դեռ համաձայնեցված չէ: