Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակմնա միասնական հարթակում հանրյաին քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է նոր կանոններ սահմանել պետական մարմինների կողմից ներկայացուցչական ծախսերի կատարման համար։ Գործող կարգավորումները գործում են 2009 թվականից և, ըստ նախագծի հիմնավորման, այլևս չեն համապատասխանում ապրանքների ու ծառայությունների շուկայական գների փոփոխություններին։ Նախագծով պետական մարմիններին առաջարկվում է ավելի մեծ ճկունություն տալ ծախսերի չափը որոշելու հարցում, միաժամանակ սահմանելով շուկայական ուսումնասիրության և հաշվետվողականության պահանջներ։
Ի՞նչ են համարվում ներկայացուցչական ծախսեր
Նախագծով ներկայացուցչական են համարվելու պետական մարմնի անունից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների կամ ներկայացուցիչների ընդունելության ու հյուրընկալման, ինչպես նաև միջազգային կամ միջպետական պաշտոնական միջոցառումների կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծախսերը։
Միևնույն ժամանակ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների սովորական հանդիպումների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների ծախսերը ներկայացուցչական չեն համարվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են օտարերկրյա պատվիրակության ընդունելության կամ միջազգային պաշտոնական միջոցառման շրջանակում։
Հյուրերին կարող են տեղավորել 4 կամ 5 աստղանի հյուրանոցում․ ի՞նչ է փոխվում
Նախագծով հյուրանոցային ծախսերի համար միասնական՝ բոլոր դեպքերի համար գործող սահմանաչափ չի նախատեսվում։
Պատվիրակության անդամի կամ պաշտոնատար անձի կարգավիճակից կախված՝ ծախսը կարող է փոխհատուցվել 4 կամ 5 աստղանի հյուրանոցի սակագներով, իսկ այլ դեպքերում՝ մինչև 3 կամ 4 աստղանի հյուրանոցի սակագներով։
Գործող կարգավորմամբ բոլոր դեպքերի համար նախատեսված է մինչև 4 աստղանի հյուրանոցի սակագնով փոխհատուցում։
Պետությունը կվճարի՞ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը
Ընդհանուր կանոնով՝ ոչ։
Նախագծով նախատեսվում է, որ օտարերկրյա հյուրերի ճանապարհածախսը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման ենթակա չի լինի։
Բացառություն կարող է կիրառվել առանձնահատուկ դեպքերում՝ սահմանված կարգով։
Սննդի համար այլևս առավելագույն սահմանաչափ չի՞ լինի
Սա նախագծի կարևոր փոփոխություններից է։
Գործող կարգավորմամբ սահմանված են, օրինակ՝
- պաշտոնական ճաշի համար՝ մինչև 12,500 դրամ,
- պատվիրակության անդամի սննդի համար՝ օրական մինչև 8,000 դրամ,
- սուրճի ընդմիջման համար՝ մինչև 1,500 դրամ։
Նախագծով այս ծախսերի համար առավելագույն դրամային սահմանաչափ չի նախատեսվում։
Սննդի կազմակերպման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև հյուրերի սննդային և կրոնական առանձնահատկությունները։
Սակայն դա չի նշանակում, որ պետական մարմինը կարող է ցանկացած չափի գումար ծախսել։ Ծախսը պետք է հիմնավորված լինի, լինի անհրաժեշտ ու համաչափ, իսկ դրա գինը որոշվի շուկայական ուսումնասիրության հիման վրա։
Իսկ հուշանվերների համար որքան կարելի է ծախսել
Գործող կարգավորմամբ պատվիրակության ղեկավարի համար նախատեսված է մինչև 20,000 դրամ, իսկ մյուս անդամների համար՝ մինչև 10,000 դրամ արժողությամբ նվեր։
Նոր կարգավորմամբ այդ կոնկրետ սահմանաչափերը նախատեսվում է փոխարինել այլ մոտեցմամբ։
Հուշանվերների և նվերների ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերների ընդունման վերաբերյալ օրենսդրական սահմանափակումները։
Օրինակ՝ օրենսդրությամբ 40,000 դրամը չգերազանցող արժեքով թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման։
Թարգմանչի աշխատանքի համար որքան կվճարվի
Նախագծով առաջարկվում է փոխել նաև թարգմանչական ծառայությունների փոխհատուցման մոտեցումը։
Սովորական թարգմանության դեպքում վճարումը նախատեսվում է իրականացնել գործող օրենսդրությամբ սահմանված չափերով՝ գործող մինչև 5,000 դրամ սահմանաչափի փոխարեն։
Իսկ համաժամանակյա թարգմանության դեպքում վճարումը նախատեսվում է կատարել ծառայության մատուցման պայմանագրի պայմաններին համապատասխան՝ գործող մինչև 22,000 դրամ սահմանաչափի փոխարեն։
Պետական մարմինը կարո՞ղ է ինքնուրույն որոշել ծախսի չափը
Այո, բայց որոշակի պայմաններով։
Նախագծով պետական մարմիններին հնարավորություն է տրվում ներկայացուցչական ծախսերի չափերը որոշել՝ շուկայական ուսումնասիրության հիման վրա։
Ապրանքի կամ ծառայության գինը կարող է որոշվել՝
- առնվազն երեք համադրելի առաջարկի,
- հրապարակային սակագների,
- էլեկտրոնային հարթակներում առկա տվյալների,
- կամ նախկինում կատարված համադրելի գնման հիման վրա։
Այսինքն՝ ծախսի չափը չի կարող պարզապես կամայականորեն սահմանվել։
Կարո՞ղ են սահմանված չափորոշիչներից ավելի ծախսել
Այո։
Նախագծով նախատեսվում է, որ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներ կարող են կիրառվել պետական մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ։
Այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան հիմնավորում։
Բացի այդ, ներկայացուցչական ծախսերի նախահաշիվը հաստատվում է պետական մարմնի ղեկավարի իրավական ակտով, իսկ դրանում փոփոխություններ կարող են կատարվել միայն պատճառաբանված հիմնավորումների առկայության դեպքում։
Ի՞նչ նոր ծախսեր են ներառվելու
Նախագծով նախատեսվում է փոխհատուցել նաև միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ միանվագ ծախսերը։
Դրանց թվում են՝
- սարքերի և սարքավորումների վարձակալությունը,
- մշակութային միջոցառումների կազմակերպումը,
- ծաղկային ձևավորումը,
- գովազդային և տպագրական ծառայությունները,
- գրասենյակային և տնտեսական ապրանքների ձեռքբերումը։
Այս ծախսերի փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել կնքված պայմանագրերին համապատասխան։
Իսկ տրանսպորտի համար ի՞նչ է փոխվում
Նախագծով թույլատրվում է տրանսպորտային ծառայություններ ձեռք բերել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների միջոցով։
Այսինքն՝ նախատեսվում է հաշվի առնել նաև ժամանակակից առցանց տրանսպորտային ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Ինչպե՞ս են վերահսկվելու պետական միջոցների ծախսերը
Նախագծով նախատեսվում է ուժեղացնել հաշվետվողականությունը։
Պետական մարմինները ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները պետք է ներկայացնեն յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը։
Հաշվետվությունները ներկայացվելու են՝
- ՀՀ պետական վերահսկողական ծառայություն,
- ՀՀ ֆինանսների նախարարություն։
Բացի այդ, հաշվետվությունների մանրամասները հասանելի են լինելու պետական վերահսկողության ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող մարմիններին։
Ի՞նչ է փոխվում բանկային քարտով ծախսերի դեպքում
Նախագծով առանձին կարգավորում է նախատեսվում պետական մարմինների կողմից բանկային վճարային քարտով ներկայացուցչական ծախսեր կատարելու համար։
Առանձին կհաստատվեն նաև՝
- ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս քարտով կատարվող ներկայացուցչական ծախսերի տեսակները,
- այդ ծախսերի հաշվետվության ձևը,
- հաշվետվությունը լրացնելու կարգը։
Որքա՞ն կարող է ավելանալ պետական բյուջեի ծախսը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նոր կարգավորումների ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեից շուրջ 100 մլն դրամի լրացուցիչ միջոցների անհրաժեշտության։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս գնահատականը պայմանավորված է ծախսերի համար նախատեսվող չափերի ավելացմամբ և վերջին հինգ տարիների ընթացքում պատվիրակությունների ընդունելության հետ կապված փաստացի ծախսերի կատարողականով։
Ե՞րբ կգործեն նոր կանոնները
Նոր որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Միաժամանակ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշումը, որը շուրջ 17 տարի կարգավորել է այս ոլորտը։
Նախագծի գործողությունը չի տարածվելու «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի վրա։
Ի՞նչ է փոխվում ընդհանուր առմամբ
Նախագծի տրամաբանությունը կարելի է ամփոփել այսպես․ պետական մարմինների համար ֆիքսված դրամային սահմանաչափերից անցում է կատարվում ավելի ճկուն համակարգի, որտեղ ծախսի չափը պետք է հիմնավորվի շուկայական գներով, անհրաժեշտությամբ և միջոցառման բնույթով։
Միաժամանակ պետական մարմինների վրա դրվում է ավելի մեծ պատասխանատվություն՝ ծախսերը փաստաթղթավորելու և դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու հարցում։
Նշում․ նախագիծը ներկայացված է որպես առաջարկվող կարգավորում, ուստի վերջնական ընդունումից հետո առանձին դրույթներ կարող են փոփոխվել։
