Ադրբեջանցի զինծառայողից տուժած կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել․ ԶԼՄ

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կրակոցից տուժած Անի Ավետիսյանի մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել, 24News-ին հայտնել է Անի Ավետիսյանի ամուսինը:

«Վերջին օրերին Անիին վիրահատել են։ Վիրահատական միջամտության ընթացքում կատարվել է մատի անդամահատում, ինչպես նաև՝ ոտքի կրճատում»,- ասել է ամուսինը։

Ամուսնու խոսքով՝ կինը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն շարունակում է ցավեր ունենալ, պարբերաբար ցավազրկողներ է ընդունում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա նոր վիրահատությունների մասին այս պահին դեռ վաղ է խոսել։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը և հարձակվել ընտանիքի վրա՝ երեխաների ներկայությամբ կրակելով նրանց մոր վրա, տուժել էին նաև երկու երեխան, տղան նույնպես վիրահատվել էր։ Հարազատները պատմել էին, որ Անին երեխաներին պաշտպանելիս ձեռքով փակել է ադրբեջանցու հրազենը, որի ժամանակ էլ կրակոցից կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրավորվել էր նաև ոտքից։ Դատարանը հոկտեմբերի 2-ին Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։ 

Ավելի ուշ առողջապահության նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին Ավետիսյանի վիրահատության մասին՝ չհստակեցնելով, թե քանի վիրահատության է նա ենթարկվել և դեռ քանիսն է սպասվում։ 

Leave a Comment