COP17-ին նվիրված միջոցառում Բեռլինում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հոկտեմբերի 7-ին Բեռլինի Բնության պատմության թանգարանում անցկացվել է «DLD Nature Salon: Towards the World Biodiversity Summit» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր բնության և կենսաբազմազանության պահպանության, ինչպես նաև բնության՝ որպես համաշխարհային նշանակության ռազմավարական ռեսուրսի ընկալմանն ու այդ ուղղությամբ միջազգային համագործակցության խթանմանը։

Միջոցառմանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահության առաջնահերթությունները։

Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության և բնության պաշտպանության գործում միջազգային համագործակցության կարևորությանը՝ ընդգծելով համատեղ գործողությունների և տարբեր շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ գործընկերության անհրաժեշտությունը։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը մասնավորապես նշել է. «COP17-ը միայն մեր ժառանգածի մասին չէ։ Այն նաև այն մասին է, թե ինչ ենք մենք ընտրում պահպանել և վերականգնել։ Այդ իսկ պատճառով այս համաժողովի համար ընտրել ենք պարզ, բայց ազդեցիկ կարգախոս՝ «Գործել հանուն բնության»։ Այս կարգախոսն արտահայտում է մի կարևոր գաղափար՝ հույս»։

Միջոցառման ընթացքում քննարկումներ են ծավալվել բնության պահպանության և տնտեսական զարգացման փոխկապակցվածության, կլիմայական փոփոխությունների և բնապահպանական մարտահրավերների, բնության պահպանությանը միտված համակարգերի ձևավորման շուրջ։

Անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում բնության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային օրակարգի առաջնահերթությունների ձևավորմանը։

Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային կառավարության, Միացյալ Թագավորության, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի, ինչպես նաև բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«DLD Nature Salon»-ի շրջանակներում անցկացված քննարկումները հնարավորություն են ընձեռել ներկայացնելու Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթությունները և ընդգծելու կենսաբազմազանության պահպանության օրակարգում միջազգային գործընկերության կարևորությունը։

Leave a Comment