Հութիները հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ կոալիցիայի ուժերին հասցրած հրթիռային հարվածների մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցից հարավ գտնվող արաբական կոալիցիայի ուժերի դիրքերին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Անցած 24 ժամվա ընթացքում մեր զինված ուժերը 11 բալիստիկ հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցից հարավ գտնվող շրջաններում, Էս-Սուքայայում, Ռաս էլ-Արայում և Էլ-Մուդարաբայում սաուդյան ուժերի կուտակման 11 վայրերի ուղղությամբ», – ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։

Սարիան նաև պնդել է, որ հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հրամանատարներ, սպանվել և վիրավորվել են, ինչպես նաև ոչնչացվել է մեծ քանակությամբ տեխնիկա։

Բացի այդ, հուսիների ներկայացուցիչը հայտնել է «Ալ-Ամալիկա» 13-րդ բրիգադի դիրքի ուղղությամբ ևս մեկ բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Սարիայի պնդմամբ՝ այդ հարձակման հետևանքով հակառակորդի ավելի քան 30 զինծառայող սպանվել և վիրավորվել է։

Իր հերթին արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրք ալ-Մալիքին հայտնել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում ոչնչացվել է բալիստիկ հրթիռների արձակման կայանք, որն օգտագործվել էր Ռիադի վրա վերջերս իրականացված հարձակման ժամանակ։

«Կայանքի ոչնչացման գործողությունն իրականացվել է Սանայում՝ թագավորության դեմ անխուսափելի հարձակման նախապատրաստման պահին», – X-ում հրապարակված հայտարարությունում նշել է ալ-Մալիքին։

Leave a Comment