Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ներքին ստուգումներ են սկսել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հանինգի՝ լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով կալանավորվելուց հետո։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Daily Telegraph-ը։
Թերթի տվյալներով՝ նման ստուգումներ են սկսել բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայությունը և կառավարական կապի կենտրոնը (GCHQ), որը զբաղվում է էլեկտրոնային հետախուզությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք հատուկ ծառայություններ, որոնց անվանումները չեն նշվում։
Գերմանիայի անվտանգության ոլորտի աղբյուրներին հղում անելով՝ թերթը հայտնում է, որ Հանինգի, ինչպես նաև նրա՝ BND-ում աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ի ձեռքի տակ եղած տեղեկությունները ստացվել են օտարերկրյա հետախուզական ծառայություններից։
The Daily Telegraph-ը գրում է, որ դա մտահոգություններ է առաջացրել, թե բրիտանական և ամերիկյան հետախուզական ծառայությունները կարող էին վտանգվել, իսկ նրանց աղբյուրները՝ գործակալները կամ տեղում տեղեկություններ փոխանցողները, փոխանցված տվյալների հիման վրա նույնականացվել։
The Daily Telegraph-ի աղբյուրները ենթադրել են, որ Հանինգի և նրա ենթադրյալ հանցակցի գործողությունները կարող են լուրջ վնաս հասցնել արևմտյան երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման համակարգին։