Ռուբիո․ ԱՄՆ-ի և Դանիայի համաձայնագիրը կփոխի Արկտիկայում անվտանգության իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնի, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կփոխեն Արկտիկայում անվտանգության իրավիճակը։

«Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի դաշինք, որի ուժն ավելի մեծ կլինի, քան դրա անդամների ուժերի հանրագումարը։ Այս ձգտումն իրականություն դարձավ անցած ամիս ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև ձեռք բերված աննախադեպ նոր համաձայնագրով։ Այս համաձայնագիրը կփոխի իրավիճակը Արկտիկայում և կամրապնդի ողջ ՆԱՏՕ-ի անվտանգությունը», – Աթենքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է նա։

«Այս գործարքի բոլոր երեք գործընկերներն էլ հաղթող դուրս եկան։ Դրա շնորհիվ ամբողջ Եվրոպան, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ամրապնդեցին իրենց անվտանգությունն ու հզորությունը», – կարծում է պետքարտուղարը։

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել էին համաձայնագիր, որը վերաբերում է Գրենլանդիայի անվտանգության ապահովման պարտավորությունների կատարմանը Վաշինգտոնի կողմից։ Համաձայնագիրը ստորագրվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի մեծացնել իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։

Գրենլանդիան Դանիայի կազմում է՝ ինքնավար տարածքի կարգավիճակով։ 1951 թվականին Վաշինգտոնն ու Կոպենհագենը, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Դրա համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորվել է պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։

Գրենլանդիայում տեղակայված է ամերիկյան Պիտուֆիկ տիեզերական բազան, որը կատարում է հրթիռային հարձակման նախազգուշացման և Արկտիկայի գոտու վերահսկման համակարգերի առաջադրանքները։

Leave a Comment