ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ հավաքական Արևմուտքը կանգնած է խաչմերուկում․ կա՛մ այն վճռականորեն կգործի միջազգային ասպարեզում, կա՛մ իրեն կդատապարտի «ստրկության և անկման»։
«Եվ այսօր մենք կանգնած ենք խաչմերուկում։ Քանի որ առաջիկա տասնամյակը և այն որոշումները, որոնք մենք կընդունենք, կգրեն հաջորդ դարի պատմությունը», – Աթենքում, հիմնականում Եվրոպային ուղղված ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
«Այն ուղին, որով մենք կշարժվենք, կորոշի՝ Արևմուտքը կմնա՞ համաշխարհային հանրության առաջատարի դերում, թե՞ իրեն կդատապարտի թուլացման, ստրկության և անկման ապագայի», – կարծում է նա։
«Ժամանակի ընթացքում մենք՝ Արևմուտքում, սկսեցինք ամաչել այն ամենից, ինչը, ըստ էության, մեզ բացառիկ էր դարձնում։ Մեզ անհարմար էր, որ մեր ձեռքբերումները մեզ առանձնացնում են աշխարհի մնացած մասից։ Մեր բարգավաճումը ինչ-որ կերպ վերածվեց մեղքի աղբյուրի։ Մենք դադարեցինք հավատալ, որ արժանի էինք և ինքներս էինք վաստակել մեր մեծությունը։ «Ազգայնականություն» բառը դարձավ վատաբանություն, և մենք քանդեցինք մեր հուշարձանները։ Մենք դատապարտեցինք մեր իսկ պատմությունը», – համոզված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Տարեցտարի, թվում էր, թե մենք ավելի ու ավելի շատ ինքնիշխանություն ենք փոխանցում ուրիշներին՝ որոշումներ կայացնելու իրավունքը հանձնելով համաշխարհային բյուրոկրատիաներին, որոնք գտնվում են մեր վերահսկողությունից հեռու։ Սակայն մյուսները պատրաստակամորեն լրացրին մեր թուլության թողած վակուումը։ Եվ քանի դեռ Արևմուտքի ինքնավստահությունը թուլանում էր, մեր հակառակորդներն ու մրցակիցները դառնում էին ավելի ինքնավստահ՝ մեր փոխարեն ավելացնելով իրենց հարստությունն ու հզորությունը», – հայտարարել է Ռուբիոն։