Հարցված ֆրանսիացիների 72%-ը հիմնավորված է համարում բողոքող աշակերտների պահանջները

Ֆրանսիացիների ավելի քան 70 տոկոսը հիմնավորված է համարում ավագ դպրոցի աշակերտների պահանջները, որոնք ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են անցկացնում՝ դասացուցակների գերծանրաբեռնվածության, ուսուցիչների պակասի, դպրոցների անմխիթար վիճակի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Այս մասին վկայում են Elabe սոցիոլոգիական ծառայության՝ BFMTV-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Հարցվածների 55 տոկոսը լիովին աջակցում է բողոքի ակցիաներ իրականացնող աշակերտներին։ 35 տոկոսը հավանություն չի տալիս նրանց ցույցերին, իսկ 10 տոկոսը հայտարարել է, որ անտարբեր է դրանց նկատմամբ։

Միևնույն ժամանակ, հարցվածների 72 տոկոսը աշակերտների պահանջները հիմնավորված է համարում։

Ֆրանսիացիների կարծիքները բաժանվել են նաև բողոքի շարժման հետագա ընթացքի վերաբերյալ։ 55 տոկոսը կարծում է, որ ցույցերը պետք է դադարեցվեն, 27 տոկոսը կողմ է դրանց շարունակմանը ներկայիս ձևաչափով, իսկ 17 տոկոսը կարծում է, որ բողոքի ակցիաները պետք է ավելի կոշտ դառնան։

Հարցումն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 6-7-ը։ Դրան մասնակցել է Ֆրանսիայի եվրոպական հատվածի 18 տարեկանից բարձր 1001 բնակիչ։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի վերջին՝ Իլ-դը-Ֆրանս շրջանում, և այժմ տարածվել են ամբողջ Ֆրանսիայում։ Այս ընթացքում իրավապահները ձերբակալել են ավելի քան 6,6 հազար մարդու, որոնց 90 տոկոսը եղել են անչափահասներ։

Leave a Comment