Զինծառայության տարկետման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 32 տարեկանը․ նախագիծ

 Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծը։

Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու այլ տարիքային շեմ՝ հնարավորություն տալով ուսումը ավարտած քաղաքացիներին օգտվել տարկետման համապատասխան հիմքից։

Ի՞նչ տարիքային շեմ է նախատեսվում

Նախագծով առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։

Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացիները զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ բարձրացնել տարիքային շեմը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մի շարք արտասահմանյան բուհերում կրթության կազմակերպման, համապատասխան մասնագիտության կամ կոնկրետ հետազոտական գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ քաղաքացիները հաճախ չեն հասցնում սահմանված ժամկետում ավարտել ուսումնական գործընթացը։

Արդյունքում համապատասխան մասնագիտական կրթություն ստանալուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար նախատեսված տարկետման կարգավորումից հիմնական շահառու քաղաքացիները չեն կարողանա օգտվել օրենքով սահմանված զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմի պատճառով։

Ո՞ւմ կտրվի 32 տարեկանի շեմը

32 տարեկանի շեմը նախատեսվում է այն քաղաքացիների համար, որոնք օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում են ստացել։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այդ փոփոխությունը հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին անխոչընդոտ կազմակերպել իրենց ուսումնառությունը և օգտվել ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանում աշխատելու համար նախատեսված տարկետման հիմքից։

Ինչո՞ւ է ընտրվել հենց 32 տարեկանը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ասպիրանտական կրթական ծրագրով քաղաքացիները ուսումնառությունն ավարտում են հիմնականում 27 կամ 28 տարեկանում։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանված տարկետման հիմքից օգտվելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին զորակոչի ենթակա լինի նվազագույնը ևս երեք տարի։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։

Ի՞նչ այլ փոփոխություններ են նախատեսվում

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում համապատասխան փոփոխություններ են կատարվելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 1132-Ն որոշումներում։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծերի ընդունմամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը։

Ակնկալվում է, որ դա հնարավորություն կտա տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին ավարտել ուսումնառությունը և օգտվել ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար նախատեսված տարկետման հիմքից։

Ո՞վ է ներգրավված եղել նախագծի մշակմանը

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ո՞ր ռազմավարական փաստաթղթից է բխում նախագիծը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության՝ «Կիրթ և կարողունակ քաղաքացի» մեգանպատակից։

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանի շեմ՝ հնարավորություն տալով նրանց ավարտել ուսումնառությունը և հետագայում օգտվել օրենքով նախատեսված տարկետման համապատասխան հիմքից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

Leave a Comment