Թոքային ժանտախտի վտանգի դեպքում Հայաստան ժամանողների նկատմամբ հսկողությունը կխստացվի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է Ռուսաստանում թոքային ժանտախտի տարածման վերաբերյալ հրապարակումների և Հայաստանի կողմից իրականացվող հնարավոր կանխարգելիչ միջոցառումների մասին։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունում ձևավորված օպերատիվ աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրավիճակի վերաբերյալ հրապարակվող տեղեկությունները և համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։

Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է ուժեղացնել վերահսկողությունը, այդ թվում՝ Հայաստան ժամանող անձանց նկատմամբ ջերմաչափում և այլ համապատասխան միջոցառումներ իրականացնել։

Ավանեսյանի խոսքով՝ թոքային ժանտախտը ծանր հիվանդություն է, որը թոքային ձևի դեպքում կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով՝ սերտ շփման պայմաններում։ Ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չստանալու դեպքում հիվանդությունը կարող է բարձր մահացության ռիսկ ունենալ։

«Մենք շատ ուշադիր և զգոն ենք այս հարցի նկատմամբ, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- նշել է նախարարը։

Ավանեսյանն անդրադարձել է նաև Աֆրիկայի որոշ երկրներում Էբոլայի բռնկումների վերաբերյալ տեղեկություններին։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ևս իրականացվում է մշտադիտարկում և, հաշվի առնելով զբոսաշրջային ու ուղևորափոխադրումների աճը, ձեռնարկվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ։

Leave a Comment