«Թերացումներ եղել են, դրանք ունեցել են և կունենան հետևանքներ». Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին

Հայաստան ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասով մանրամասն տեղեկություն հնարավոր կլինի տրամադրել՝ թե՛ ծառայողական քննությունների, թե՛ քննչական գործողությունների անցկացումից հետո, Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ չհստակեցնելով, թե որ գերատեսչություններում է անցկացվում ծառայողական քննություն:

«Թերացումներ եղել են, դրանք ունեցել են և կունենան հետևանքներ, բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո», – նշեց Պապիկյանը:

Նախարարը, սակայն, առանց իր նշած քննության արդյունքներին սպասելուն պնդեց՝ տեղի ունեցածը դիվերսիա չէր. «Նախ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել, դա ցուցիչ է նրա, որ նա դիվերսիանտ չէր»:

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որ ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Սյունիքի Շաքի գյուղում: Նախքան վնասազերծվելը նա մտել էր գյուղի տներից մեկը: Տանտիրուհին, իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս, ոտքի ծանր հրազենային վիրավորում է ստացել, կորցրել ձեռքի մատները:

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Ներթափանցման դեպքից մի քանի օր գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։ Առայժմ պաշտոնապես որևէ մեկնաբանություն չկա, արդյոք այս պաշտոնանկությունն ուղիղ կապվա՞ծ էր ադրբեջանցի զինծառայողի Շաքի ներթափանցման հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիաննա Գասպարյանի հարցին, թե ինչո՞ւ չեն նկարել և համացանցում տեղադրել ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության կադրերը, ինչպես անում են հայաստանյան շատ գործիչների դեպքում, հայտարարեց՝ ադրբեջանցի զինվորը ձեռքին հրազեն է ունեցել, բայց դիմադրություն ցույց չի տվել:

Վարչապետը պնդեց, թե հստակ տեղեկություն չունի՝ նկարահանում եղել է, թե ոչ, բայց ասաց՝ կճշտի, կասի: Իր կարծիքով՝ կադրեր չեն հրապարակել այն պատճառով, որ զինվորը վնասվածքներ է ունեցել:

«Նախկին դեպքերը նկատի ունենալով՝ ես մեր գործընկերներին խնդրել եմ խուսափել նման կադրեր հրապարակելուց: Մի բան կարող եմ հիմա վստահ ասել, որ ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես: Ինչքան հասկանում եմ որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, գուցե դա է պատճառը, որ կադրեր չեն հրապարակվել», – մանրամասնեց վարչապետը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment